Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2007-02-03-ից մինչև 2008-01-01։Բացել գործող տեքստը
Գլուխ 2 · ՎԻՃԱԿԱԽԱՂԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

Հոդված 5. Վիճակախաղերի կազմակերպմանը ներկայացվող պահանջները

գործել է մինչև 2008-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 5. Վիճակախաղերի կազմակերպմանը ներկայացվող պահանջները

1. Կազմակերպիչը`

ա) բացառությամբ տոտալիզատորների կազմակերպման դեպքերի, ապահովում է խաղարկությանը մասնակցող տոմսերի ընդհանուր արժեքի առնվազն կեսի չափով շահումային ֆոնդի (առանց դրանում ներառվող վիճակախաղի տոմսերի արժեքի) ձևավորումն ու մասնակիցների միջև բաշխումը.

բ) նախքան վիճակախաղի գովազդի հրապարակումը դրա բովանդակությունը համաձայնեցնում է լիազոր մարմնի հետ, ընդ որում, վերջինս չի տալիս իր համաձայնությունը, եթե գովազդը հակասում է «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին, լիազոր մարմնի հետ համաձայնեցված համապատասխան վիճակախաղի կազմակերպման և անցկացման կանոնակարգի դրույթներին, պարունակում է թյուր կամ ապակողմնորոշող տեղեկություններ.

գ) իրային շահումների խաղարկման դեպքում վիճակախաղի շահող մասնակցին տեղեկացնում է այդ իրային շահմանը համարժեք դրամական չափի մասին և շահողի ցանկությամբ տրամադրում դրամական շահումը.

դ) խաղարկությունով կամ համակցված վիճակախաղի կազմակերպման և անցկացման կանոնակարգով սահմանված ժամկետներում չպահանջված (չստացված) շահումների չափով ավելացնում է այդ ժամկետի ավարտին հաջորդող հերթական խաղարկության շահումային ֆոնդը.

ե) շահման փաստը և արժեքը հրապարակում է միայն շահողի համաձայնությամբ, բացառությամբ «Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերի.

զ) շահողի առաջին իսկ պահանջով տրամադրում է շահումը.

է) վիճակախաղի մարված տոմսերը հաշվառում և պահպանում է սույն օրենքի 6-րդ հոդվածի համաձայն.

ը) վիճակախաղի կազմակերպման գործունեությունից բացի, կարող է զբաղվել միայն վիճակախաղերի տոմսերի իրացման, պատրաստման և (կամ) ներմուծման գործունեությամբ.

թ) յուրաքանչյուր հաջորդ տարվա համար վճարում է «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ժամկետներում տարեկան պետական տուրքի գումարը.

ժ) վիճակախաղը կազմակերպում է իր սահմանած և լիազոր մարմնի հետ համաձայնեցված կանոնակարգին համապատասխան.

ժա) օրենքով սահմանված կարգով ստանալով լիցենզիա` կարող է իրականացնել օրենքով նախատեսված վիճակախաղերի բոլոր տեսակները` պարտադիր օգտագործելով իր ֆիրմային անվանումը (լոգոն).

ժբ) վիճակախաղի մասնակցի առաջին իսկ պահանջով տրամադրում է տվյալ վիճակախաղի կազմակերպման և անցկացման կանոնակարգի լուսապատճենը` այդ վիճակախաղի պայմաններին ծանոթանալու համար.

ժգ) յուրաքանչյուր վիճակախաղի կազմակերպման և անցկացման կանոնակարգի հիման վրա կազմակերպվող ոչ խաղարկությունով վիճակախաղի դեպքում` առավելագույնը երեքամսյա ժամանակահատվածում, ապահովում է սույն հոդվածի 1-ին մասի «ա» կետով սահմանված պահանջը` անկախ տվյալ խմբաքանակի ամբողջությամբ իրացման փաստից:

2. Վիճակախաղի տոմսում արտացոլված վավերապայմանները համարվում են լիազոր մարմնի հետ համաձայնեցված` համապատասխան վիճակախաղի կազմակերպման և անցկացման կանոնակարգի անբաժանելի մասը:

3. Վիճակախաղերի տոմսերի խաղարկության սկիզբ է համարվում տոմսի վրա նշված ժամը:

4. Լիազոր մարմինը գովազդի վերաբերյալ իր համաձայնությունը պարտավոր է տալ կամ այն մերժել գովազդը իրեն ներկայացնելու օրվանը հաջորդող տասն օրվա ընթացքում: Եթե նշված ժամկետում համաձայնություն տալը չի մերժվում, ապա այն համարվում է տրված:

5. Վիճակախաղին մասնակցելու իրավունք ունեն միայն 18 տարեկանը լրացած անձինք:

6. Ոչ խաղարկությունով վիճակախաղի կազմակերպիչը վիճակախաղերի տոմսերի իրացման գործընթացն սկսվելուց հետո յուրաքանչյուր ամիսը մեկ անգամ` մինչև հաջորդ ամսվա 5-ը, թերթում հրապարակում է տվյալ վիճակախաղի արդյունքները` նշելով վիճակախաղի անվանումը և տվյալ վիճակախաղի շահած տոմսերի մասին տվյալները` ըստ համարների (սերիաների) և շահումի չափի:

7. Խաղարկությունով կամ համակցված վիճակախաղի կազմակերպիչը յուրաքանչյուր խաղարկության անցկացումից հետո` հնգօրյա ժամկետում, թերթում հրապարակում է տվյալ վիճակախաղի խաղարկության արդյունքները` նշելով վիճակախաղի անվանումը, խաղարկության համարը և տվյալ վիճակախաղի շահած տոմսերի մասին տվյալները` ըստ շահման փուլերի, տոմսերի համարների (սերիաների) և շահումի չափի:

8. Արգելվում է վիճակախաղերի տոմսերի վաճառքի իրականացումը շահումների ցուցադրման վայրից 500 մետրից մոտ հեռավորության վրա:

9. Սույն հոդվածի 8-րդ մասում նշված պահանջի կատարման ապահովումն իրականացնում են Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մարմինները, իսկ մարզերում` մարզպետարանները:

(5-րդ հոդվածը լրաց. 14.12.04 ՀՕ-25-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։