Հոդված 19. Եզրափակիչ և անցումային դրույթներ
Հոդված 19. Եզրափակիչ և անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ 14-րդ հոդվածի, որն ուժի մեջ է մտնում օրենքի հրապարակումից հետո՝ երկու տարի անց (14-րդ հոդվածի 3-րդ մասի 7-րդ կետն ուժի մեջ է մտնում օրենքն ուժի մեջ մտնելու պահից):
2. Տեսչական մարմինները ստեղծվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ երեք տարվա ընթացքում:
3. Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետի ավարտից հետո Հայաստանի Հանրապետության նախարարությունների կառավարման ոլորտներում, աշխատակազմերում գործող բոլոր տեսչությունները դադարեցնում են իրենց գործունեությունը:
4. Սույն օրենքի հիման վրա համապատասխան բնագավառում տեսչական մարմնի ստեղծումից հետո դադարեցվում է տվյալ բնագավառի քաղաքականությունը մշակող Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի կազմում գործող տվյալ բնագավառը վերահսկող տեսչության գործունեությունը: Տվյալ բնագավառում վերահսկողություն իրականացնող այլ մարմին գործել չի կարող:
5. Տեսչական մարմնի ստեղծումից հետո տեսչական մարմնում պաշտոններն զբաղեցվում են «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
6. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո ստեղծվող Խորհուրդների առաջին կազմում հասարակական և գիտական կազմակերպությունների ներկայացուցիչների ընտրության համար հայտարարությունը հրապարակում է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմը:
7. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո ստեղծվում է միջգերատեսչական հանձնաժողով՝ սույն օրենքի կիրարկումն ապահովելու ընթացքին հետևելու, այդ թվում՝ սույն հոդվածի պահանջների կատարումն ապահովելու նպատակով: Միջգերատեսչական հանձնաժողովի կազմը և գործառույթները սահմանում է Հայաստանի Հանրապետության վարչապետը: Միջգերատեսչական հանձնաժողովի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկամսյա ժամկետում, իսկ միջգերատեսչական հանձնաժողովը ձևավորվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ երկամսյա ժամկետում:
8. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեցամսյա ժամկետում, միջգերատեսչական հանձնաժողովի ներկայացմամբ Հայաստանի Հանրապետության կառավարությունը հաստատում է նոր տեսչական համակարգին անցնելու ծրագիրը՝ սույն օրենքին համապատասխան:
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ս. Սարգսյան
2014 թ. դեկտեմբերի 30
Երևան
ՀՕ-254-Ն