Հոդված 19. Եզրափակիչ և անցումային դրույթներ
Հոդված 19. Եզրափակիչ և անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ 14-րդ հոդվածի, որն ուժի մեջ է մտնում օրենքի հրապարակումից հետո՝ երկու տարի անց (14-րդ հոդվածի 3-րդ մասի 7-րդ կետն ուժի մեջ է մտնում օրենքն ուժի մեջ մտնելու պահից):
2. Գործադիր իշխանության համակարգում գործող վերահսկողություն իրականացնող մարմինների կողմից սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահին իրականացվող լիազորությունների իրականացման նպատակով տեսչական մարմիններ կարող են ստեղծվել մինչև նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնն ստանձնելու օրը:
3. Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետի ավարտից հետո Հայաստանի Հանրապետության նախարարությունների կառավարման ոլորտներում, աշխատակազմերում գործող բոլոր տեսչությունները դադարեցնում են իրենց գործունեությունը:
4. Սույն օրենքի հիման վրա համապատասխան բնագավառում տեսչական մարմնի ստեղծումից հետո դադարեցվում է տվյալ բնագավառի քաղաքականությունը մշակող Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի կազմում գործող տվյալ բնագավառը վերահսկող տեսչության գործունեությունը: Տվյալ բնագավառում վերահսկողություն իրականացնող այլ մարմին գործել չի կարող:
5. Տեսչական մարմնի ստեղծումից հետո տեսչական մարմնում պաշտոններն զբաղեցվում են «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
6. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո ստեղծվող Խորհուրդների առաջին կազմում հասարակական և գիտական կազմակերպությունների ներկայացուցիչների ընտրության համար հայտարարությունը հրապարակում է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմը:
7. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո ստեղծվում է միջգերատեսչական հանձնաժողով՝ սույն օրենքի կիրարկումն ապահովելու ընթացքին հետևելու, այդ թվում՝ սույն հոդվածի պահանջների կատարումն ապահովելու նպատակով: Միջգերատեսչական հանձնաժողովի կազմը և գործառույթները սահմանում է Հայաստանի Հանրապետության վարչապետը: Միջգերատեսչական հանձնաժողովի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկամսյա ժամկետում, իսկ միջգերատեսչական հանձնաժողովը ձևավորվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ երկամսյա ժամկետում:
8. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեցամսյա ժամկետում, միջգերատեսչական հանձնաժողովի ներկայացմամբ Հայաստանի Հանրապետության կառավարությունը հաստատում է նոր տեսչական համակարգին անցնելու ծրագիրը՝ սույն օրենքին համապատասխան:
(19-րդ հոդվածը խմբ. 21.12.17 ՀՕ-303-Ն)
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ս. Սարգսյան
2014 թ. դեկտեմբերի 30
Երևան
ՀՕ-254-Ն