Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2017-06-02-ից մինչև 2017-12-30։Բացել գործող տեքստը

Հոդված 7. Տեսչական մարմնի կառավարման խորհուրդը

գործել է մինչև 2017-12-30Բացել ARLIS-ում

Հոդված 7. Տեսչական մարմնի կառավարման խորհուրդը

1. Տեսչական մարմնի կառավարման խորհուրդը (այսուհետ` Խորհուրդ) կազմված է առնվազն ինն անդամից: Հաշվի առնելով տեսչական մարմնի գործունեության ոլորտի առանձնահատկությունները` տեսչական մարմնի կանոնադրությամբ կարող է սահմանվել Խորհրդի անդամների ավելի մեծ քանակ:

2. Խորհրդի կազմում ընդգրկվում են լիազոր մարմնի ղեկավարը կամ նրա որոշմամբ՝ համապատասխան տեղակալը, համապատասխան բնագավառի (լիազոր մարմնի բնագավառից տարբերվող) քաղաքականությունը մշակող պետական կառավարման մարմնի ղեկավարը կամ նրա որոշմամբ՝ համապատասխան տեղակալը, Հայաստանի Հանրապետության կառավարության տնտեսական քաղաքականությունը մշակող պետական կառավարման մարմնի ներկայացուցիչը, արդարադատության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը մշակող պետական կառավարման մարմնի ներկայացուցիչը, ֆինանսների բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը մշակող պետական կառավարման մարմնի ներկայացուցիչը, տեսչական մարմնի իրավասության բնագավառում քաղաքացիների կամ սպառողների շահերը ներկայացնող հասարակական կազմակերպության ներկայացուցիչը, տեսչական մարմնի իրավասության բնագավառում համապատասխան գործունեություն իրականացնող գործարար միավորումների ներկայացուցիչը և համապատասխան բնագավառների գիտական կազմակերպությունների երկու ներկայացուցիչ, որոնք չեն կարող լինել համապատասխան բնագավառի քաղաքականությունը մշակող պետական կառավարման մարմնի ենթակայությամբ գործող մարմնի կամ կազմակերպության աշխատակից: Խորհրդում տեսչական մարմինը ներկայացնում է տեսչական մարմնի ղեկավարը, իսկ նրա բացակայության դեպքում՝ համապատասխան տեղակալը, որը Խորհրդի նիստերին մասնակցում է խորհրդակցական ձայնի իրավունքով:

3. Խորհրդի կազմում համապատասխան ոլորտի հասարակական կազմակերպությունների և գիտական կազմակերպության ներկայացուցիչներին ներգրավելու նպատակով տեսչական մարմինն իր պաշտոնական կայքէջում հրապարակում է հայտարարություն: Հայտարարության հիման վրա դիմած թեկնածուներին ներկայացվող ընդհանուր պահանջները և թեկնածուներից Խորհրդի անդամներ ընտրելու օրինակելի կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Դիմում չներկայացնելու դեպքում տեսչական մարմինն իր նախաձեռնությամբ է հրավիրում անդամների: Համապատասխան ոլորտի հասարակական կազմակերպությունները և գիտական կազմակերպության ներկայացուցիչները Խորհրդի կազմում ներգրավվում են մինչև երեք տարի ժամկետով` նույն ժամկետով մեկ անգամ երկարաձգելու հնարավորությամբ:

4. Խորհուրդը նախագահում է համապատասխան ոլորտի քաղաքականությունը մշակող լիազոր մարմնի ղեկավարը կամ նրա տեղակալը: Այն դեպքում, երբ տեսչական մարմնի իրավասության շրջանակներում ընդգրկված են մեկից ավելի ոլորտներ, ապա Խորհուրդը ռոտացիոն կարգով նախագահում են այդ ոլորտների քաղաքականությունը մշակող մարմինների ղեկավարները կամ նրանց տեղակալները` հաջորդաբար տարին մեկ պարբերականությամբ:

5. Խորհուրդն իր նիստերը հրավիրում է առնվազն երեք ամիսը մեկ: Հրատապ լուծում պահանջող հարցերի քննարկման նպատակով կարող են հրավիրվել արտահերթ նիստեր: Նիստերի հրավիրման և անցկացման կարգը սահմանվում է Խորհրդի աշխատակարգով: Խորհրդի նիստերն իրավազոր են, եթե այդ նիստերին մասնակցել է Խորհրդի անդամների 2/3-ից ավելին: Խորհրդի անդամները քվեարկում են կողմ կամ դեմ: Որոշումները կայացվում են բաց քվեարկությամբ, ձայների պարզ մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում Խորհրդի նախագահի ձայնը որոշիչ է: Սույն հոդվածի 7-րդ մասով նախատեսված հարցերին հավանություն չտալու կամ չհաստատելու դեպքում Խորհուրդը կարող է ընդունել հարցը՝ իր համար ընդունելի տարբերակով, կամ տեսչական մարմնի ղեկավարին տալ հանձնարարականներ` հարցը լրամշակելու և կրկին քննարկման ներկայացնելու վերաբերյալ:

6. Խորհրդի անդամների առաջադրման կարգը, ինչպես նաև տեսչական մարմինների կառավարման խորհուրդների աշխատակարգի օրինակելի ձևը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Խորհրդի կազմը հաստատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը` Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարի ներկայացմամբ:

7. Տեսչական մարմնի կառավարման խորհուրդը՝

1) հաստատում է տեսչական մարմնի ղեկավարի ներկայացրած տեսչական մարմնի գործունեության և իրականացվող ստուգումների տարեկան ծրագրերը.

2) հաստատում է ստուգումներին առնչվող ուղեցույցները.

3) նախաձեռնում է որակի ապահովման ստորաբաժանման հսկողական գործողությունների արդյունքում բացահայտված թերությունների վերացմանն ուղղված միջոցառումները և վերահսկում դրանց իրականացումը.

4) հաստատում է տեսչական մարմնի տարեկան պահպանման ծախսերի նախահաշիվը.

5) քննարկում է տեսչական մարմնի ղեկավարի կողմից հաստատման ենթակա տեսչական մարմնի տարեկան կամ եռամսյակային հաշվետվությունների նախագիծը և հավանություն տալիս դրան.

6) հաստատում է կատարողականի գնահատման ընթացակարգերը՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության շրջանակներում.

6.1) հավանություն է տալիս տեսչական մարմնի հաստիքացուցակին և քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերին.

6.2) հավանություն է տալիս տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի թեկնածությանը.

7) իրականացնում է օրենքով իրեն վերապահված այլ լիազորություններ:

8. Խորհրդի նիստերի արձանագրություններն ու Խորհրդի ընդունած որոշումները եռօրյա ժամկետում հրապարակվում են տեսչական մարմնի պաշտոնական կայքէջում:

(7-րդ հոդվածը լրաց. 07.04.16 ՀՕ-35-Ն, փոփ. 31.05.17 ՀՕ-86-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։