Հոդված 5. Հաշվապահական հաշվառումը կարգավորող իրավական ակտերը
Հոդված 5. Հաշվապահական հաշվառումը կարգավորող իրավական ակտերը
1. Հանրային հետաքրքրություն ներկայացնող կազմակերպության և խոշոր կազմակերպության հաշվապահական հաշվառումը կարգավորող իրավական ակտերը ներառում են`
1) սույն օրենքը.
2) «Հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության կարգավորման և հանրային վերահսկողության մասին» օրենքը.
3) ամբողջական ՖՀՄՍ-ները և հայեցակարգային հիմունքները.
4) ամբողջական ՖՀՄՍ-ների հիման վրա մշակված՝ հանրային հետաքրքրություն ներկայացնող կազմակերպությունների և խոշոր կազմակերպությունների ֆինանսատնտեսական գործունեության հաշվապահական հաշվառման օրինակելի հաշվային պլանը և օրինակելի հաշվային պլանի կիրառման հրահանգը, ինչպես նաև ցուցադրական ֆինանսական հաշվետվությունները.
5) հաշվապահական հաշվառումը կարգավորող այլ իրավական ակտեր:
2. Միջին կազմակերպության և փոքր կազմակերպության հաշվապահական հաշվառումը կարգավորող իրավական ակտերը ներառում են`
1) սույն օրենքը.
2) «Հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության կարգավորման և հանրային վերահսկողության մասին» օրենքը.
3) ՓՄԿ-ների ՖՀՄՍ-ն.
4) ՓՄԿ-ների ՖՀՄՍ-ի հիման վրա մշակված՝ փոքր կազմակերպությունների և միջին կազմակերպությունների ֆինանսատնտեսական գործունեության հաշվապահական հաշվառման օրինակելի հաշվային պլանը և օրինակելի հաշվային պլանի կիրառման հրահանգը, ինչպես նաև ցուցադրական ֆինանսական հաշվետվությունները.
5) հաշվապահական հաշվառումը կարգավորող այլ իրավական ակտեր:
3. Միկրոկազմակերպության հաշվապահական հաշվառումը կարգավորող իրավական ակտերը ներառում են՝
1) սույն օրենքը.
2) միկրոկազմակերպությունների հաշվապահական հաշվառման վարման և ֆինանսական հաշվետվությունների պատրաստման ձեռնարկը.
3) միկրոկազմակերպությունների հաշվապահական հաշվառման վարման և ֆինանսական հաշվետվությունների պատրաստման ձեռնարկի հիման վրա մշակված՝ միկրոկազմակերպությունների ֆինանսատնտեսական գործունեության հաշվապահական հաշվառման օրինակելի հաշվային պլանը և հաշվային պլանի կիրառման հրահանգը:
4. Հաշվապահական հաշվառումը վարելու և ֆինանսական հաշվետվությունները պատրաստելու համար միջին կազմակերպությունը և փոքր կազմակերպությունն իրենց հայեցողությամբ կարող են կիրառել սույն հոդվածի 1-ին մասում նշված իրավական ակտերը, իսկ 3-րդ մասում նշված իրավական ակտերը չեն կարող կիրառել:
5. Հաշվապահական հաշվառումը վարելու և ֆինանսական հաշվետվությունները պատրաստելու համար հանրային հետաքրքրություն ներկայացնող կազմակերպությունը և խոշոր կազմակերպությունը չեն կարող կիրառել սույն հոդվածի 2-րդ և 3-րդ մասերում նշված իրավական ակտերը:
6. Հաշվապահական հաշվառումը վարելու և ֆինանսական հաշվետվությունները պատրաստելու համար միկրոկազմակերպությունն իր հայեցողությամբ կարող է կիրառել սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերում նշված իրավական ակտերը:
7. Սույն օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված կազմակերպություններն ամբողջական ՖՀՄՍ-ները և հայեցակարգային հիմունքները պարտավոր են կիրառել Հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտների խորհրդի (IASB) սահմանած ժամկետներում՝ անկախ վերջիններիս հայերեն թարգմանված լինելու հանգամանքից: