Հոդված 4.1. Փոխկապակցված անձինք
Հոդված 4.1. Փոխկապակցված անձինք
1. Սույն օրենքի իմաստով իրավաբանական անձինք համարվում են փոխկապակցված, եթե`
ա) նրանցից մեկը քվեարկելու իրավունքով տիրապետում է մյուսի` ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի (բաժնեմասերի, փայերի, այսուհետ` բաժնետոմս) 20 և ավելի տոկոսին, կամ իր մասնակցության ուժով կամ տվյալ անձանց միջև կնքված պայմանագրին համապատասխան հնարավորություն ունի կանխորոշել մյուսի որոշումները.
բ) նրանցից մեկի ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի 20 տոկոսից ավելիին տիրապետող կամ օրենքով չարգելված այլ ձևով նրա որոշումները կանխորոշելու հնարավորություն ունեցող մասնակիցները (բաժնետերերը) կամ նրանց ընտանիքի անդամներն իրավունք ունեն ուղղակի կամ անուղղակի կերպով տիրապետել (այդ թվում` առուվաճառքի, հավատարմագրային կառավարման, համատեղ գործունեության պայմանագրերի, հանձնարարության կամ այլ գործարքների հիման վրա) մյուս անձի` ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի 20 տոկոսից ավելիին կամ ունեն օրենքով չարգելված այլ ձևով վերջինիս որոշումները կանխորոշելու հնարավորություն.
գ) նրանցից մեկի խորհրդի նախագահը, խորհրդի անդամը, վարչության նախագահը, վարչության անդամը, գործադիր տնօրենը, ֆինանսական կառավարման գծով նրա տեղակալը, ֆինանսական ստորաբաժանման ղեկավարը, հաշվապահը կամ հաշվապահական հաշվառման վարման կամ ֆինանսական հաշվետվությունների կազմման համար պատասխանատու անձը, ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավարը, անդամը կամ վերստուգիչ հանձնաժողովի նախագահը, վերստուգիչ հանձնաժողովի անդամը կամ նման այլ մարմինների անդամը (այսուհետ` կառավարման մարմնի անդամ կամ նման պարտականություններ կատարող այլ անձ), ինչպես նաև նրանց ընտանիքի անդամներից որևէ մեկը միաժամանակ հանդիսանում է մյուս անձի որևէ կառավարման մարմնի անդամ կամ նման պարտականություններ կատարող այլ անձ:
2. Սույն օրենքի իմաստով ֆիզիկական անձինք համարվում են փոխկապակցված, եթե նրանք միևնույն ընտանիքի անդամ են կամ վարում են ընդհանուր տնտեսություն կամ համատեղ ձեռնարկատիրական գործունեություն:
3. Սույն օրենքի իմաստով ֆիզիկական և իրավաբանական անձինք համարվում են փոխկապակցված, եթե տվյալ ֆիզիկական անձը կամ նրա ընտանիքի անդամը հանդիսանում է՝
ա) տվյալ իրավաբանական անձի բաժնետոմսերի 20 տոկոսից ավելին տնօրինող մասնակից.
բ) օրենքով չարգելված այլ ձևով իրավաբանական անձի որոշումները կանխորոշելու հնարավորություն ունեցող անձ.
գ) տվյալ իրավաբանական անձի կառավարման մարմնի անդամ կամ նման պարտականություններ կատարող այլ անձ:
4. Սույն օրենքի իմաստով միևնույն ընտանիքի անդամ են համարվում երեխան, ամուսինը, ծնողը, քույրը, եղբայրը, պապը, տատը, թոռը, քրոջ, եղբոր ամուսինն ու երեխաները, ինչպես նաև ամուսնու երեխան, ծնողը, քույրը, եղբայրը, պապը, տատը, թոռը:
(4.1-ին հոդվածը լրաց. 26.05.11 ՀՕ-207-Ն)