Հոդված 26.2. Լիցենզիա ստանալու հայտի մերժումը
Հոդված 26.2. Լիցենզիա ստանալու հայտի մերժումը
1. Լիցենզիա ստանալու հայտը մերժվում է, եթե`
ա) հայտատուի ներկայացրած փաստաթղթերը թերի են, ակնհայտ կեղծ կամ խեղաթյուրված.
բ) ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում սույն օրենքի և Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին.
գ) հայտատուն օրենքի կամ իր կանոնադրության համաձայն իրավունք չունի զբաղվել աուդիտորական ծառայությունների իրականացմամբ.
դ) հայտատուն չի համապատասխանում սույն օրենքի 26-րդ հոդվածի պահանջներին.
ե) օրենքով սահմանված այլ դեպքերում:
2. Լիցենզիա ստանալու հայտը գրավոր մերժվում է լիազորված մարմնում հայտը մուտք լինելու օրվանից ոչ ուշ, քան 30-օրյա ժամկետում: Սույն օրենքի 26.1-ին հոդվածի 2-րդ մասով նախատեսված կարգով լիցենզավորող հանձնաժողովի կողմից 30-օրյա ժամկետը կասեցվելու դեպքում այդ ժամկետը սույն մասով սահմանված ժամկետի մեջ չի հաշվարկվում:
3. Լիցենզիա ստանալու հայտը մերժելու վերաբերյալ որոշման մեջ հստակ պետք է նշվեն մերժման պատճառներն ու իրավական հիմքերը:
4. Լիցենզիա ստանալու հայտում կամ կից փաստաթղթերում ոչ էական թերությունների (վրիպակների, ոչ իրավաբանական անճշտությունների, թվաբանական սխալների և նման այլ բացթողումների) առկայության դեպքում լիազորված մարմինը հայտը կարող է բավարարել վերապահումով, որ լիցենզիան հայտատուին կտրվի դրանց վերացման դեպքում:
5. Փաստաթղթերը թերի լինելու հիմքով հայտը մերժվում է, եթե այդ մասին պատշաճ ձևով նախազգուշացումը լիազորված մարմնի կողմից ուղարկվելու օրվան հաջորդող 10 օրվա ընթացքում հայտատուն չի ներկայացնում անհրաժեշտ փաստաթղթեր կամ նյութեր կամ չի վերացնում ներկայացված փաստաթղթերում կամ նյութերում առկա թերությունները: Փաստաթղթերը թերի լինելու վերաբերյալ լիազորված մարմինը նախազգուշացումն ուղարկում է դրանք ստանալու օրվանից հետո` 10 օրվա ընթացքում:
6. Լիցենզիայի հայտի մերժման դեպքում հայտատուն իրավունք ունի նոր հայտ ներկայացնել ընդհանուր կարգով:
(26.2-րդ հոդվածը լրաց. 26.05.11 ՀՕ-207-Ն)