Հոդված 30. Աուդիտորական գործունեությունը կարգավորող պետական լիազորված մարմինը
Հոդված 30. Աուդիտորական գործունեությունը կարգավորող պետական լիազորված մարմինը
(վերնագիրը խմբ. 08.06.04 ՀՕ-93-Ն)
1. Լիազորված մարմինը`
ա) իրականացնում է աուդիտորական ծառայությունների իրականացման լիցենզավորումը.
բ) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով իրականացնում է մասնագիտացված կառույցների հավատարմագրումը.
գ) հաստատում է որակավորման քննությունների հարցերը.
դ) հաստատում է հանձնաժողովի անհատական կազմը և կանոնադրությունը.
ե) կազմակերպում և անցկացնում է աուդիտորների որակավորման քննությունները.
զ) տալիս է վկայական և ընդունում է որոշումներ վկայականը վերաձևակերպելու և վկայականի գործողությունը դադարեցնելու վերաբերյալ.
է) կազմակերպում և իրականացնում է հսկողություն` աուդիտ իրականացնող անձանց կողմից աուդիտորական գործունեության մասին նորմատիվ իրավական ակտերի պահանջների, մասնագիտացված կառույցի կողմից հավատարմագրի պայմանների պահպանման նկատմամբ, աուդիտորների վարքագծի նորմերի պահպանման, ինչպես նաև «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և դրա հիման վրա ընդունված իրավական ակտերի պահանջների կատարման նկատմամբ: Հսկողության ընթացքում կարող են ներգրավվել մասնագիտացված կառույցի և (կամ) աուդիտորական կազմակերպությունների ներկայացուցիչներ, մասնագետներ` լիազորված մարմնի սահմանած կարգով և չափանիշներով.
է.1) հրապարակում է աուդիտ իրականացնող անձանց նկատմամբ կիրառված պատժամիջոցների վերաբերյալ տեղեկատվությունն իր ինտերնետ կայքում.
ը) սահմանում է մասնագիտացված կառույցի կողմից վկայական տալու, վկայականը վերաձևակերպելու և (կամ) վկայականի գործողությունը դադարեցնելու վերաբերյալ որոշումների ընդունման մասին տեղեկությունների ներկայացման կարգը:
2. Սույն հոդվածի 1-ին մասի «է» կետով նախատեսված` աուդիտ իրականացնող անձանց կողմից աուդիտորական գործունեության մասին նորմատիվ իրավական ակտերի պահանջների կատարման նկատմամբ հսկողական աշխատանքների իրականացման ընթացքում բանկային գաղտնիքին առնչվելու անհրաժեշտություն առաջանալու դեպքում այդ աշխատանքներում ներգրավվում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասնագետներ, որոնք ծագած հարցերի վերաբերյալ տալիս են գրավոր կարծիք:
3. Լիազորված մարմինը` աուդիտորական ծառայությունների իրականացումից հրաժարվելու և (կամ) պայմանագիրը վաղաժամկետ լուծելու մասին սույն օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի «գ.1» կետով նախատեսված պարտադիր աուդիտին վերաբերող ծանուցում ստանալուց հետո` 10 աշխատանքային օրվա ընթացքում, այդ մասին հրապարակում է տեղեկություններ իր ինտերնետ կայքում:
(30-րդ հոդվածը խմբ. 08.06.04 ՀՕ-93-Ն, խմբ., լրաց. 26.05.11 ՀՕ-207-Ն)