Հոդված 6. Լրագրողի հավատարմագրումը
Հոդված 6. Լրագրողի հավատարմագրումը
1. Լրատվական գործունեություն իրականացնողն իր լրագրողին հավատարմագրելու համար իրավունք ունի դիմել պետական մարմիններ:
Պետական մարմինը պարտավոր է, սույն օրենքին և տվյալ մարմնում լրագրողների հավատարմագրման կարգին համապատասխան, հնգօրյա ժամկետում հավատարմագրել լրագրողին:
Հավատարմագրման կարգ սահմանված չլինելը լրագրողի հավատարմագրումը մերժելու հիմք չէ:
Լրատվական գործունեություն իրականացնող լրագրողի հավատարմագրումը պետական մարմիններում ենթակա է մերժման, եթե լրատվական գործունեություն իրականացնողը չի կատարել սույն օրենքի 11-րդ հոդվածով կամ 12-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված պահանջները։ Լրագրողի հավատարմագրման մերժման և դադարեցման այլ հիմքերը կարող են սահմանվել համապատասխան պետական մարմնում լրագրողների հավատարմագրման կարգով:
2. Պետական մարմիններում լրագրողների հավատարմագրման կարգում սահմանվում են`
1) լրատվության միջոցին ներկայացվող այն պահանջները (լրատվության միջոցի տեսակը, տարածման տարածքը, մամուլի տպաքանակը և այլն), որոնց պարագայում հավատարմագրվում է նրա լրագրողը.
2) հավատարմագրված լրագրողի աշխատանքի կազմակերպման կանոնները, այդ թվում` նրա աշխատանքի արդյունավետության ապահովմանն ուղղված պայմանները.
3) տվյալ մարմնի գործունեության առանձնահատկություններից բխող պահանջները:
3. Հավատարմագրման կարգում չպետք է սահմանվեն, իսկ սահմանվելու դեպքում իրավաբանական ուժ չունեն այնպիսի դրույթները, որոնք`
1) կսահմանափակեն հավատարմագրված լրագրողի իրավունքը` մասնակցելու տվյալ մարմնի, դրա ստորաբաժանումների նիստերին, այլ միջոցառումներին, բացառությամբ դրանց դռնփակ լինելու դեպքերի.
2) կբացառեն տվյալ մարմնում անցկացվող միջոցառումների մասին լրագրողների` ողջամիտ ժամկետում տեղեկացված լինելը.
3) անհավասար պայմաններ կստեղծեն հավատարմագրված լրագրողների համար.
4) կսահմանափակեն լրագրողի` տեղեկատվություն ձեռք բերելու օրենքով սահմանված իրավունքները:
4. Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմիններում հավատարմագրման օրինակելի կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
5. Լրագրողի հավատարմագրումը կարող է դադարեցվել նրան հավատարմագրման ներկայացրած լրատվական գործունեություն իրականացնողի դիմումով:
6. Հավատարմագրված լրագրողն իր աշխատանքը կազմակերպում է տվյալ մարմնում լրագրողների հավատարմագրման կարգին և այդ մարմինների աշխատակարգի կանոններին համապատասխան:
7. Որևէ մարմնում հավատարմագրված բոլոր լրագրողների համար աշխատանքի պայմանները պետք է լինեն նրանց աշխատանքին նպաստող և ոչ խտրական` ողջամտության սահմաններում: Լրատվության միջոցների համար նախատեսված տեղեկատվությունը հավատարմագրված բոլոր լրագրողներին պետք է տրամադրվի միաժամանակ, իսկ նախատեսվող միջոցառումների ճշգրիտ ժամանակի և վայրի մասին նրանք պետք է տեղեկացվեն դրանք սկսվելուց առաջ` ողջամիտ ժամկետում:
8. Օտարերկրյա պետության օրենսդրության հիման վրա գործող լրատվական գործունեություն իրականացնողի ներկայացուցչի` լրագրողի` Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը:
9. Հավատարմագրման կարգի սահմանված լինելը չի կարող հիմք դառնալ օրենքով սահմանված կարգով լրագրողին տեղեկատվության տրամադրումը մերժելու համար:
(6-րդ հոդվածը լրաց. 10.12.21 ՀՕ-394-Ն)