Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2004-02-08-ից մինչև 2020-04-11։Բացել գործող տեքստը

Հոդված 6. Լրագրողի հավատարմագրումը

գործել է մինչև 2020-04-11Բացել ARLIS-ում

Հոդված 6. Լրագրողի հավատարմագրումը

1. Լրատվական գործունեություն իրականացնողն իր լրագրողին հավատարմագրելու համար իրավունք ունի դիմել պետական մարմիններ:

Պետական մարմինը պարտավոր է, սույն օրենքին և տվյալ մարմնում լրագրողների հավատարմագրման կարգին համապատասխան, հնգօրյա ժամկետում հավատարմագրել լրագրողին:

Հավատարմագրման կարգ սահմանված չլինելը լրագրողի հավատարմագրումը մերժելու հիմք չէ:

2. Պետական մարմիններում լրագրողների հավատարմագրման կարգում սահմանվում են`

1) լրատվության միջոցին ներկայացվող այն պահանջները (լրատվության միջոցի տեսակը, տարածման տարածքը, մամուլի տպաքանակը և այլն), որոնց պարագայում հավատարմագրվում է նրա լրագրողը.

2) հավատարմագրված լրագրողի աշխատանքի կազմակերպման կանոնները, այդ թվում` նրա աշխատանքի արդյունավետության ապահովմանն ուղղված պայմանները.

3) տվյալ մարմնի գործունեության առանձնահատկություններից բխող պահանջները:

3. Հավատարմագրման կարգում չպետք է սահմանվեն, իսկ սահմանվելու դեպքում իրավաբանական ուժ չունեն այնպիսի դրույթները, որոնք`

1) կսահմանափակեն հավատարմագրված լրագրողի իրավունքը` մասնակցելու տվյալ մարմնի, դրա ստորաբաժանումների նիստերին, այլ միջոցառումներին, բացառությամբ դրանց դռնփակ լինելու դեպքերի.

2) կբացառեն տվյալ մարմնում անցկացվող միջոցառումների մասին լրագրողների` ողջամիտ ժամկետում տեղեկացված լինելը.

3) անհավասար պայմաններ կստեղծեն հավատարմագրված լրագրողների համար.

4) կսահմանափակեն լրագրողի` տեղեկատվություն ձեռք բերելու օրենքով սահմանված իրավունքները:

4. Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմիններում հավատարմագրման օրինակելի կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

5. Լրագրողի հավատարմագրումը կարող է դադարեցվել նրան հավատարմագրման ներկայացրած լրատվական գործունեություն իրականացնողի դիմումով:

6. Հավատարմագրված լրագրողն իր աշխատանքը կազմակերպում է տվյալ մարմնում լրագրողների հավատարմագրման կարգին և այդ մարմինների աշխատակարգի կանոններին համապատասխան:

7. Որևէ մարմնում հավատարմագրված բոլոր լրագրողների համար աշխատանքի պայմանները պետք է լինեն նրանց աշխատանքին նպաստող և ոչ խտրական` ողջամտության սահմաններում: Լրատվության միջոցների համար նախատեսված տեղեկատվությունը հավատարմագրված բոլոր լրագրողներին պետք է տրամադրվի միաժամանակ, իսկ նախատեսվող միջոցառումների ճշգրիտ ժամանակի և վայրի մասին նրանք պետք է տեղեկացվեն դրանք սկսվելուց առաջ` ողջամիտ ժամկետում:

8. Օտարերկրյա պետության օրենսդրության հիման վրա գործող լրատվական գործունեություն իրականացնողի ներկայացուցչի` լրագրողի` Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը:

9. Հավատարմագրման կարգի սահմանված լինելը չի կարող հիմք դառնալ օրենքով սահմանված կարգով լրագրողին տեղեկատվության տրամադրումը մերժելու համար:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։