Հոդված 149. Ընտրական իրավունքի իրականացմանը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը մասնակցող անձանց լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը
Հոդված 149. Ընտրական իրավունքի իրականացմանը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը մասնակցող անձանց լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը
1. Քաղաքացու ընտրական կամ հանրաքվեի իրավունքի ազատ իրականացմանը կամ ընտրական կամ հանրաքվեի հանձնաժողովի աշխատանքին խոչընդոտելը, ինչպես նաև ընտրական կամ հանրաքվեի հանձնաժողովի կամ նախաձեռնող խմբի անդամի, թեկնածուի, այցելուի, լիազոր ներկայացուցչի, հանրաքվեի նախաձեռնող խմբի ներկայացուցչի, վստահված անձի, դիտորդի, զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցչի, տեխնիկական սարքավորումն սպասարկող անձի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը՝
պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի յոթհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` վեց ամսից մեկ տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` մեկից երեք տարի ժամկետով կամ առանց դրա:
2. Նույն արարքները, որոնք՝
1) կատարվել են գույքին վնաս պատճառելով կամ պատճառելու սպառնալիքով,
2) կատարվել են նյութապես շահագրգռելով,
3) զուգորդվել են բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով,
4) կատարվել են պաշտոնեական դիրքն օգտագործելով,
5) կատարվել են մի խումբ անձանց կողմից՝
6) զուգորդվել է անձին ազատությունից զրկելով`
պատժվում է ազատազրկմամբ` չորսից վեց տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` մեկից երեք տարի ժամկետով կամ առանց դրա:
(149-րդ հոդվածը խմբ., լրաց. 22.12.06 ՀՕ-2-Ն, խմբ. 26.05.11 ՀՕ-166-Ն, փոփ., լրաց. 20.10.16 ՀՕ-160-Ն, փոփ. 04.05.18 ՀՕ-320-Ն, 07.09.18 ՀՕ-374-Ն)