Հոդված 14.1. Կոմիտեն, դրա ձևավորումը, գործառույթներն ու մասնակիցների լիազորությունների դադարումը
Հոդված 14.1. Կոմիտեն, դրա ձևավորումը, գործառույթներն ու մասնակիցների լիազորությունների դադարումը
1. Կոմիտեն համարվում է ձևավորված, եթե ապահովվել է հանրային մուլտիպլեքսով հեռարձակողների կազմում հանրապետական և մայրաքաղաքային սփռում ունեցող հեռարձակողների առնվազն կեսից ավելի մասնակցությունը։ Կոմիտեին կարող են անդամակցել նաև Կոմիտեի կանոնադրությամբ նախատեսված այլ անձինք։
2. Կոմիտեն օրենքով սահմանված կարգով ստեղծված է համարվում պետական գրանցման պահից: Կոմիտեի պետական գրանցումը կատարում է իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունը: Կոմիտեի գրանցման համար, բացի օրենքով սահմանված փաստաթղթերից, ներկայացվում են նաև տեղեկություններ Կոմիտեի անդամների մասին: Կոմիտեի անվանումը պետք է ներառի «ինքնակարգավորվող կազմակերպություն» բառերը և «ԻԿԿ» հապավումը:
3. Կոմիտեի հիմնադիր ժողովի մասնակիցներ կարող են լինել հանրային մուլտիպլեքսով հեռարձակողների կազմում հանրապետական և մայրաքաղաքային սփռում ունեցող հեռարձակողները:
4. Հիմնադիր ժողովում ներառված հարցերը հաստատվում են մասնակիցների պարզ մեծամասնությամբ:
5. Կոմիտեն չի կարող ստեղծվել, իսկ ստեղծված լինելու դեպքում գործունեությունը օրենքի ուժով ժամանակավորապես դադարեցվում է, եթե դրան չի անդամակցում հանրային մուլտիպլեքսով հեռարձակվող հանրապետական և մայրաքաղաքային սփռում ունեցող հեռարձակողների առնվազն կեսից ավելին։
6. Կոմիտեին անդամակցող անձինք իրենց անդամակցության ժամանակահատվածում պարտավորվում են օգտվել սույն օրենքի 14.4-րդ հոդվածի դրույթներով սահմանված կազմակերպությունների կատարած չափումների տվյալներից և ծառայություններից՝ Կոմիտեի սահմանած նվազագույն պայմաններով։
7. Սույն հոդվածի 6-րդ մասով սահմանված տվյալներից ու ծառայություններից չօգտվելու դեպքում տվյալ կազմակերպությունը (կամ անձը) պարտավորվում է չօգտված ծառայության արժեքի չափով անհատույց վճարում կատարել Կոմիտեին, որի հաշվարկման կարգը սահմանում է Կոմիտեն։
8. Կոմիտեն՝
1) սահմանում է չափումների չափանիշները.
2) առավելագույնը հինգ տարով ընտրում է համապատասխան չափումներ կատարող կազմակերպությանը.
3) վերահսկում է չափում կատարող կազմակերպության չափումների կատարումը.
4) սահմանում է չափումներ կատարող անձանց ընտրության և մրցույթի կազմակերպման կարգը.
5) սահմանում է չափումների գործընթացը կասեցնելու, դադարեցնելու, վերահսկելու կարգը.
6) սահմանում է չափումներ կատարող կազմակերպություններին ներկայացվող պահանջները՝ ըստ չափումների ենթակա նպատակի, կազմակերպությունների ընտրության ընթացակարգը, գործառույթները և դրանց հետ կնքվող չափումների պայմանագրի պայմանները.
7) կատարում է օրենքով չարգելված այլ գործառույթներ, որոնք միտված են չափումների գործընթացի բնականոն գործունեությանը և կատարելագործմանը:
9. Կոմիտեի մասնակիցների անդամությունը դադարեցնելու դեպքերը սահմանում է Կոմիտեն։