Հոդված 27. Խորհրդի իրավասությունները
Հոդված 27. Խորհրդի իրավասությունները
1. Խորհուրդը`
1) սահմանում է Հանրային հեռարձակողի տեսալսողական հաղորդումների ընդհանուր ծավալը և տեսալսողական ծրագրերի թիվը.
2) սահմանում է Հանրային հեռարձակողի ֆինանսական միջոցների օգտագործման կարգը և ուղղությունները.
3) հաստատում է Հանրային հեռարձակողի աշխատողների հաստիքացուցակը, պաշտոնները, նրանց հետ կնքվող պայմանագրերի ձևերը, պայմանները և վարձատրման կարգը.
4) սահմանում է Հանրային հեռարձակողի այն պաշտոնների ցանկը, որոնք զբաղեցնողներն իրավունք չունեն աշխատելու զանգվածային լրատվության այլ միջոցներում.
5) սահմանում է Հանրային հեռարձակողի գործադիր տնօրենների թափուր տեղերի համալրման համար մրցույթի անցկացման կարգը.
6) նշանակում է Հանրային հեռարձակողների՝ մրցույթում հաղթող ճանաչված գործադիր տնօրեններին.
7) Հանրային հեռարձակողների գործադիր տնօրենների ներկայացմամբ նշանակում և ազատում է գործադիր տնօրենների տեղակալներին.
8) յուրաքանչյուր տարի մինչև հունվարի 20-ը լսում է Հանրային հեռարձակողների նախորդ տարվա գործունեության մասին գործադիր տնօրենների հաշվետվությունները.
9) Հանրային հեռարձակողների տնօրենների ներկայացմամբ պարբերաբար հաստատում է ծրագրային քաղաքականությունը.
10) հաստատում է իր կանոնադրությունը և Հանրային հեռարձակողի կառուցվածքը.
11) հաստատում է Խորհրդի աշխատակազմի կառուցվածքը և հաստիքացուցակը.
12) հաստատում է Հանրային հեռարձակողի լրագրողների մասնագիտական վարքագծի կանոնները.
13) ստացված բողոքների հիման վրա կամ իր նախաձեռնությամբ ուսումնասիրում է լրագրողների մասնագիտական վարքագծի կանոնների խախտման դեպքերը և ընդունում է խորհրդատվական բնույթի եզրակացություն.
14) առնվազն տարին մեկ կազմակերպում է Հանրային հեռարձակողների գործունեության վերաբերյալ հասարակական կարծիքի ուսումնասիրություններ ու հրապարակում դրանց արդյունքները.
15) իրականացնում է «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքով իրեն վերապահված այլ իրավասություններ.
16) Հանրային հեռարձակողի կողմից տեղեկատվական, կրթական, մշակութային և ժամանցային բնույթի հաղորդումների բազմազանության ապահովման վիճակի վերաբերյալ հաշվետվություն է ներկայացնում կարգավորող պետական մարմին.
17) հայտարարում է Հանրային հեռարձակողի ֆինանսատնտեսական գործունեության անկախ աուդիտ անցկացնելու վերաբերյալ մրցույթ.
18) գործադիր տնօրենների և նրանց տեղակալների նկատմամբ կիրառում է խրախուսման միջոցներ և նշանակում կարգապահական տույժեր.
19) անդամների ձայների մեծամասնությամբ, փակ գաղտնի քվեարկությամբ երկշաբաթյա ժամկետում որոշում է կայացնում Խորհրդի նախագահին պաշտոնանկ անելու վերաբերյալ Հանրային հեռարձակողների հիմնադրի միջնորդությունը բավարարելու կամ մերժելու մասին:
2. Խորհրդի որոշումները պետք է լինեն պատճառաբանված:
3. Խորհրդի որոշումներն իրենց իրավասության շրջանակներում կատարում են Հանրային հեռարձակողների գործադիր տնօրենները:
4. Խորհուրդն իր աշխատանքները կազմակերպում է աշխատակազմի միջոցով: Խորհրդի աշխատակազմը «Հանրային հեռարձակողի խորհրդի աշխատակազմ» պետական հիմնարկն է:
(հոդվածը 04.12.24 ՀՕ-526-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 1-ից)