Հոդված 26. Խորհրդի նախագահը
Հոդված 26. Խորհրդի նախագահը
1. Խորհրդի նախագահի ընտրությունը կատարվում է հետևյալ կարգով.
1) Խորհուրդն իր կազմից գաղտնի քվեարկությամբ ընտրում է Խորհրդի նախագահ՝ չորս տարի ժամկետով.
2) Խորհրդի նախագահ չի կարող ընտրվել Խորհրդի անդամի թափուր պաշտոն լինելու դեպքում: Խորհրդի անդամը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ ընտրվել Խորհրդի նախագահ.
3) Խորհրդի նախագահի ընտրության ընթացակարգը սահմանվում է կարգավորող պետական մարմնի որոշմամբ.
4) երեք անգամ անընդմեջ Խորհրդի նախագահ չընտրելու դեպքում Խորհուրդն արձակվում է.
5) արձակված Խորհուրդը շարունակում է իր գործունեությունը մինչև նոր Խորհրդի ամբողջական ձևավորումը:
2. Խորհրդի նախագահը`
1) կազմակերպում է Խորհրդի և նրա աշխատակազմի գործունեությունը.
2) գումարում է Խորհրդի նիստերը և նախագահում է դրանք, ստորագրում է Խորհրդի ընդունած որոշումները և նիստերի արձանագրությունները, բացառությամբ Խորհրդի նախագահին պաշտոնանկ անելու մասին արձանագրության և որոշման, որոնք ստորագրում է Խորհրդի ավագ անդամը.
3) վերահսկում է Խորհրդի որոշումների կատարումը.
4) ընդունում և ազատում է Խորհրդի աշխատակազմի աշխատողներին.
5) համակարգում և ապահովում է Խորհրդի բնականոն աշխատանքը․
6) Հայաստանի Հանրապետությունում, օտարերկրյա պետություններում և միջազգային կազմակերպություններում ներկայացնում է Խորհուրդը.
7) իր իրավասության սահմաններում առանց լիազորագրի հանդես է գալիս Խորհրդի անունից և ներկայացնում նրա շահերը։
3. Խորհրդի նախագահի բացակայության կամ պաշտոնական պարտականությունները կատարելու անհնարինության դեպքում նրան փոխարինում է Խորհրդի նախագահի կողմից որպես փոխարինող նշանակված Խորհրդի անդամը, իսկ եթե Խորհրդի նախագահը փոխարինող չի նշանակել, ապա Խորհրդի տարիքով ավագ անդամը: