Հոդված 42. Հեռարձակողների և օպերատորների գործունեության մշտադիտարկումը
Հոդված 42. Հեռարձակողների և օպերատորների գործունեության մշտադիտարկումը
1. Հեռարձակողների գործունեության մշտադիտարկումն իրականացվում է ուղղակի դիտարկման, իսկ օպերատորի դեպքում՝ նաև տեղում դիտարկում իրականացնելու միջոցով: Ուղղակի դիտարկման արդյունքները կարող են համադրվել տեսալսողական հաղորդումների հաշվառման էլեկտրոնային մատյանների տվյալներին։
2. Հանրային հեռարձակողների գործունեության մշտադիտարկումը ներառում է նաև տեղեկատվական, կրթական, մշակութային և ժամանցային բնույթի հաղորդումների բազմազանության ապահովման վերաբերյալ ուսումնասիրությունը, որն իրականացվում է սույն հոդվածի 1-ին մասով սահմանված եղանակներով:
3. Տեսալսողական մեդիայի մասին օրենսդրության պահանջների խախտման վերաբերյալ տեղեկություններ ունենալու դեպքում օպերատորի գործունեության տեղում դիտարկումն իրականացվում է կարգավորող պետական մարմնի նախագահի հրամանի հիման վրա:
4. Տեղում դիտարկում իրականացնելու մասին հրամանում նշվում են՝
1) տեղում դիտարկում իրականացնող մարմնի անվանումը.
2) օպերատորի անվանումը և գտնվելու վայրը․
3) տեղում դիտարկում իրականացնող անձի անունը, ազգանունը և պաշտոնը.
4) տեղում դիտարկում իրականացնելու նպատակը, ժամանակահատվածը և իրավական հիմքերը.
5) տեսալսողական մեդիայի մասին օրենսդրության պահանջների խախտման նկարագրությունը:
5. Օպերատորի մոտ տեղում դիտարկումն սկսելուց առաջ հրամանի մեկ օրինակը հանձնվում է օպերատորի ղեկավարին կամ ղեկավարին փոխարինելու իրավունք ունեցող անձին:
6. Եթե սույն հոդվածի 5-րդ մասում նշված իրավասու անձինք օպերատորի գործունեության վայրում չեն կամ հրաժարվում են ստանալ տեղում դիտարկում իրականացնելու վերաբերյալ հրամանը և ստորագրությամբ հավաստել այն ստանալու փաստը, ապա անմիջապես կարող է իրականացվել դիտարկումը:
7. Օպերատորի մոտ տեղում դիտարկում իրականացնելու դեպքում վերջինս տեղում դիտարկում իրականացնող անձանց պետք է ապահովի անհրաժեշտ աշխատանքային տարածքով և տեխնիկական միջոցներով:
8. Մշտադիտարկման արդյունքներով կարգավորող պետական մարմնի ներկայացուցիչը մշտադիտարկման արդյունքների վերաբերյալ կազմում է արձանագրություն:
9. Մշտադիտարկման արդյունքների վերաբերյալ արձանագրության մեջ նշվում են մշտադիտարկման արդյունքների համառոտ շարադրանքը, ինչպես նաև վարչական վարույթ հարուցելու կամ հարուցված վարչական վարույթի համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստական հանգամանքները, այդ թվում` վարույթի մասնակիցների օգտին առկա հանգամանքները: Դիտարկման արդյունքների և տեսալսողական հաղորդումների հաշվառման էլեկտրոնային մատյանների տվյալների համադրման դեպքում մշտադիտարկման արդյունքների վերաբերյալ արձանագրության մեջ նշվում են նաև դիտարկման արդյունքների և տեսալսողական հաղորդումների հաշվառման էլեկտրոնային մատյանների տվյալների միջև անհամապատասխանությունը, անհամապատասխանությունների քանակը և տևողությունը:
10. Արձանագրությանը կցվում են մշտադիտարկման առարկային վերաբերող, իսկ օպերատորի մոտ տեղում դիտարկում իրականացնելու դեպքում՝ վերջինիս տիրապետության տակ գտնվող ապացույցները, որի մասին նշում է կատարվում արձանագրության մեջ:
11. Մշտադիտարկման արդյունքների մասին արձանագրությունն ուղղակի դիտարկում իրականացնելու դեպքում ստորագրում է մշտադիտարկում իրականացրած անձը, իսկ օպերատորի մոտ տեղում դիտարկում իրականացնելու դեպքում ստորագրում է կարգավորող պետական մարմնի և օպերատորի ներկայացուցիչը:
12. Ուղղակի դիտարկման միջոցով իրականացված մշտադիտարկման արդյունքների վերաբերյալ արձանագրությունը կազմելուց հետո՝ եռօրյա ժամկետում, ուղարկվում է Հեռարձակողին կամ օպերատորին:
13. Մշտադիտարկման արդյունքների մասին արձանագրության վերաբերյալ առարկություններ ունենալու դեպքում Հեռարձակողը կամ օպերատորը մշտադիտարկման արդյունքների վերաբերյալ արձանագրությունն ստանալուց հետո՝ եռօրյա ժամկետում, կարող է դրանք ներկայացնել կարգավորող պետական մարմին:
14. Օպերատորի մոտ տեղում դիտարկման արդյունքների մասին արձանագրության վերաբերյալ առարկություններ ունենալու դեպքում վերջինիս ներկայացուցիչն այդ մասին արձանագրության մեջ նշում է կատարում և ստորագրում:
15. Եթե սույն հոդվածի 5-րդ մասում նշված անձը հրաժարվում է ստորագրել և ստանալ արձանագրության երկրորդ օրինակը կամ տեղում դիտարկման վայրում չէ, ապա արձանագրության երկրորդ օրինակն առաքվում է «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» օրենքի 10-րդ հոդվածով սահմանված կարգով կամ փոստով:
16. Տեղում դիտարկման արդյունքների վերաբերյալ արձանագրությունն օպերատորի ղեկավարին փոխարինելու իրավունք ունեցող անձի կողմից ստորագրվելու դեպքում դրա մասին համապատասխան նշում է կատարվում արձանագրության մեջ, և արձանագրությանը կցվում է այն իրավական փաստաթղթի (կանոնադրության, հրամանի, որոշման, լիազորագրի կամ այլ փաստաթղթի) պատճենը, որի հիման վրա տվյալ անձն իրավունք ունի փոխարինելու օպերատորի ղեկավարին:
17. Եթե օպերատորի ներկայացուցիչը հրաժարվում է արձանագրությունն ստորագրել կամ այլ կերպ խոչընդոտում է տեղում դիտարկման իրականացմանը, ապա կարգավորող պետական մարմնի ներկայացուցիչն այդ մասին նշում է կատարում արձանագրության մեջ, որում նշվում են նաև մշտադիտարկման իրականացմանը խոչընդոտած օպերատորի ներկայացուցչի անունը, ազգանունը և պաշտոնը:
18. Մշտադիտարկման արդյունքների վերաբերյալ արձանագրությունը կարող է հիմք հանդիսանալ վարչական վարույթ հարուցելու համար, իսկ հարուցված վարչական վարույթի շրջանակներում ծառայել որպես վարչական վարույթի ապացույց:
19. Մշտադիտարկման իրականացման վերաբերյալ արձանագրության ձևը հաստատում է կարգավորող պետական մարմինը:
(42-րդ հոդվածը լրաց. 04.12.25 ՀՕ-435-Ն)