Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2006-01-26-ից մինչև 2007-04-07։Բացել գործող տեքստը
Գլուխ 4 · ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱՌԱԴԻՈԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 28. Հանրային հեռուստառադիոընկերության կարգավիճակը և գործունեության սկզբունքները

գործել է մինչև 2007-04-07Բացել ARLIS-ում

Հոդված 28. Հանրային հեռուստառադիոընկերության կարգավիճակը և գործունեության սկզբունքները

Հանրային հեռուստառադիոընկերությունը հատուկ կարգավիճակ ունեցող պետական հիմնարկ է, որի իրավական վիճակի առանձնահատկությունները սահմանվում են սույն օրենքով: Հանրային հեռուստառադիոընկերությունն ստեղծում է պետությունը` ապահովելու համար մարդու սահմանադրական իրավունքը, այսինքն` ազատորեն ստանալ քաղաքական, տնտեսական, կրթական, մշակութային, մանկապատանեկան, գիտալուսավորչական, հայոց լեզվի և պատմության, մարզական, զվարճալի և հանրության համար կարևոր ու նշանակալից այլ տեղեկատվություն, և գործում է սույն օրենքին, իր կանոնակարգի և Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:

Հանրային հեռուստառադիոընկերության հեռուստատեսային հաղորդումների արտադրության և հեռարձակման բնագավառում գործունեությունն իրականացնում է Հանրային հեռուստաընկերությունը, իսկ ռադիոհաղորդումների բնագավառում` հանրային ռադիոընկերությունը, որոնց ղեկավարման մարմինը Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդն է:

Հանրային հեռուստառադիոընկերությամբ հեռարձակման ենթակա պաշտոնական հաղորդագրության (տեղեկատվության) արտադրությունն իրականացնում են այդ հաղորդագրությունը (տեղեկատվությունը) ներկայացնող մարմնի աշխատակազմը (ստորաբաժանումը) կամ այդ մարմնի համաձայնությամբ` Հանրային հեռուստառադիոընկերությունը կամ այլ հեռուստառադիոընկերությունները:

Սահմանադրության 80-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությանը հարցերով դիմելուն հատկացված` Ազգային ժողովի նիստերի տեսագրությունների, ինչպես նաև Ազգային ժողովի նիստերի ուղիղ հեռարձակումների և Ազգային ժողովի որոշմամբ սահմանված դեպքերում Ազգային ժողովի նիստերի տեսագրությունների (ձայնագրությունների) արտադրությունն իրականացնում է Հանրային հեռուստառադիոընկերությունը: Ազգային ժողովի հերթական նստաշրջանի եռօրյա նիստերի յուրաքանչյուր երեքշաբթի օրվա վերջին նիստում պատգամավորների հայտարարություններին հատկացվող ժամանակահատվածի տեսագրության, ինչպես նաև «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված «Խորհրդարանական ժամ» հեռուստահաղորդաշարի և այլ հաղորդումների արտադրությունն իրականացնում է Ազգային ժողովի աշխատակազմը:

Հանրային հեռուստառադիոընկերությունը ղեկավարվում է օբյեկտիվության, ժողովրդավարության, անկողմնակալության սկզբունքներով և ապահովում է խոսքի ու ստեղծագործության ազատությունը:

Հանրային հեռուստառադիոընկերությունը պարտավոր է`

ա) «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հաղորդումները հեռարձակել այդ օրենքով սահմանված կարգով և ժամկետում.

բ) օրվա եթերաժամի առնվազն երկու երրորդը հատկացնել հայրենական արտադրության հաղորդումներին.

գ) ապահովել հեռարձակվող հաղորդումների բազմազանությունը` հնարավոր հաղորդաշարերի և հաղորդումների տեսակների տեսքով.

դ) մշակել և իրականացնել ծրագրային քաղաքականություն`

1) հասարակական առավել հնչեղություն ունեցող տեղեկատվության հեռարձակման համար օգտագործել ամենահարմար եթերային ժամանակը` ներկայացնելով խնդրի կամ հարցի վերաբերյալ պաշտոնական հաղորդագրությունը (տեղեկատվությունը) կարծիքների բազմազանությունը,

2) հեռուստառադիոլսարանին մատուցել այնպիսի հաղորդաշարեր և հաղորդումների տեսակներ, որոնցում հաշվի են առնվում Հայաստանի տարբեր տարածաշրջանների, ազգային փոքրամասնությունների, հասարակության տարբեր շերտերի ու սոցիալական խմբերի շահերը.

ե) իր ծրագրերում ապահովել խուլուհամր հանրության համար հնարավոր տեղեկատվության ստացման մատչելիությունը, օրվա եթերաժամում առնվազն մեկական մանկական և լրատվական հեռուստահաղորդում հեռարձակել սուրդոթարգմանությամբ կամ հայերեն լուսագրով:

Հանրային հեռուստառադիոընկերությունը կարող է եթերային ժամանակ տրամադրել Հայաստանի Հանրապետության ազգային փոքրամասնությունների լեզուներով հատուկ ծրագրերի և հաղորդումների հեռարձակման համար: Նման հաղորդումների ընդհանուր ժամաքանակը չպետք է գերազանցի հեռուստատեսությամբ` շաբաթական մինչև մեկ ժամ, իսկ ռադիոյով` օրական մինչև մեկ ժամ ժամաքանակը:

Հանրային հեռուստառադիոընկերությունում`

ա) առևտրային գովազդը չպետք է գերազանցի ընդհանուր հաղորդումների հինգ տոկոսը.

բ) հեռարձակվող հաղորդումը չի կարող ընդհատվել առևտրային գովազդով.

գ) հեռարձակվող հաղորդումներում քաղաքական դիրքորոշման գերակշռությունը և ընտրարշավներից դուրս քաղաքական գովազդի առկայությունն արգելվում է.

դ) Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի, կառավարության պաշտոնական հաղորդագրությունների (տեղեկատվության) տևողությունը նրանցից յուրաքանչյուրի համար մեկ օրվա ընթացքում չի կարող գերազանցել 3 րոպեն.

ե) պետության կողմից հայտարարված սգո օրերին գովազդի և զվարճալի հաղորդումների հեռարձակումն արգելվում է:

Հանրային հեռուստառադիոընկերության`

ա) հեռարձակած ալիքներից առնվազն մեկ հեռուստաալիքը և մեկ ռադիոալիքը սփռվում է ամբողջ երկրի տարածքով.

բ) օգտագործվող հաճախություններով արգելվում է այլ հեռարձակող կազմակերպությունների գործունեությունը` առանց Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի համաձայնության:

Հանրային հեռուստառադիոընկերության աշխատակիցների գործադուլի ժամանակ նրանք պարտավոր են ապահովել լրատվական ծրագրերի օրական առնվազն երկու թողարկում:

(Նախադասությունը հանվել է 26.09.01 ՀՕ-233)

Հանրային հեռուստառադիոընկերության կանոնադրությունը հաստատում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը:

Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդը մշակում է Հանրային հեռուստառադիոընկերության կանոնակարգը և ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարություն: Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հանրային հեռուստառադիոընկերության կանոնակարգն օրենսդրական նախաձեռնությամբ ներկայացնում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով` կից ներկայացնելով իր եզրակացությունը: Հանրային հեռուստառադիոընկերության կանոնակարգը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը հաստատում է օրենքով:

(28-րդ հոդվածը փոփ., լրաց. 11.09.01 ՀՕ-223, լրաց., փոփ. 26.09.01 ՀՕ-233, փոփ. 24.10.01 ՀՕ-251, լրաց. 03.12.03 ՀՕ-71-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։