Հոդված 14
Հոդված 14.
Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 45.1-րդ հոդվածով.
«Հոդված 45.1. ՎՆԱՍԻ ԳԱՆՁՄԱՆ ԿԱՐԳԸ
Մաքսային ծառայողի պատճառած վնասի գանձումը, որի չափը չի գերազանցում նրա ամսական միջին դրամական բավարարման չափը, կատարվում է վերադաս մաքսային մարմնի հրամանով:
Եթե պատճառված վնասը գերազանցում է մաքսային ծառայողի ամսական միջին դրամական բավարարման չափը, և նա հրաժարվում է կամովին վճարելուց, ապա դա գանձվում է դատական կարգով:
Սույն հոդվածի առաջին մասում նշված հրամանը կարող է բողոքարկվել դատական կարգով:»:
ՀՈԴՎԱԾ 15. Օրենքի 46-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-րդ մասով.
«1.1. Ծառայողական քննությունը սույն օրենքով և վերադաս մաքսային մարմնի ծառայողական քննության հանձնաժողովի կանոնադրությամբ սահմանված կարգով իրականացվող գործունեություն է, որի խնդիրներն են`
1) բացահայտել կարգապահական իրավախախտում կատարած մաքսային ծառայողին.
2) ապացուցել նրա մեղավորությունը կարգապահական իրավախախտման մեջ.
3) հայտնաբերել կարգապահական իրավախախտում ծնող պատճառներն ու դրանց նպաստող պայմանները և միջոցներ ձեռնարկել դրանց վերացման ուղղությամբ:»:
ՀՈԴՎԱԾ 16. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 46.1-րդ և 46.2-րդ հոդվածներով.
«Հոդված 46.1. ՎԵՐԱԴԱՍ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Վերադաս մաքսային մարմնի ծառայողական քննության հանձնաժողովն իրավունք ունի`
1) բացատրություններ վերցնել կարգապահական պատասխանատվության ենթարկվող անձից, վկաներից և տուժողներից.
2) պետական, տեղական ինքնակառավարման մարմիններից, ֆիզիկական և իրավաբանական անձանցից պահանջել փաստաթղթեր և նյութեր, տվյալներ, որոնք կարող են տեղեկություններ պարունակել զանցանքի և դրանց առնչվող անձանց մասին.
3) պահանջել կատարելու ստուգողական գործողություններ և վերաստուգումներ.
4) նշանակել փորձաքննություններ.
5) վերցնել գործի համար էական նշանակություն ունեցող իրեր և փաստաթղթեր.
6) կատարել իրերի և փաստաթղթերի զննում.
7) հրավիրել անձանց` որպես վկա և տուժող.
8) անհրաժեշտության դեպքում ժամանակավորապես դադարեցնել անձի ծառայողական լիազորությունները, եթե հիմքեր կան ենթադրելու, որ պաշտոնում մնալով` նա կխոչընդոտի ծառայողական քննության օրինական ընթացքին:
1. Վերադաս մաքսային մարմնի ծառայողական քննության հանձնաժողովը պարտավոր է`
1) կատարել բազմակողմանի, անաչառ և լրիվ քննություն.
2) լուծել միջնորդությունները.
3) բացատրել կարգապահական պատասխանատվության ենթարկվող անձի, վկայի, տուժողի, փորձագետի իրավունքները և պարտականությունները.
4) անցկացված ծառայողական քննության արդյունքների հիման վրա տալ եզրակացություն: