Հոդված 46.2. ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎՈՂ ԱՆՁԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 46.2. ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎՈՂ ԱՆՁԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
1. Կարգապահական պատասխանատվության ենթարկվող անձն իրավունք ունի իմանալ, թե ինչու է մեղադրվում, ծանոթանալ իր իրավունքներին և պարտականություններին, կարգապահական վարույթի ավարտման պահից ծանոթանալ գործի նյութերին, հարուցել միջնորդություններ, ստանալ իրավական օգնություն:
2. Կարգապահական պատասխանատվության ենթարկվող անձը պարտավոր է ժամանակին ներկայանալ վարույթ իրականացնող մարմնի կանչով, տալ ճշմարտացի բացատրություններ:»:
ՀՈԴՎԱԾ 17. Օրենքի 47-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Կարգապահության համար պատասխանատու են`
1) վերադաս մաքսային մարմնում` ղեկավարը, ղեկավարի տեղակալները և ստորաբաժանումների ղեկավարները.
2) մաքսատներում` մաքսատան պետը, նրա տեղակալը (տեղակալները) և ստորաբաժանումների ղեկավարները.
3) մաքսային կետերում` մաքսակետի պետը, նրա տեղակալը և ստորաբաժանումների ղեկավարները:
Մաքսային մարմնի և նրա ստորաբաժանումների ղեկավարները պարտավոր են`
1) ենթակաների համար ստեղծել ծառայության հանգստի և որակավորման բարձրացման համար անհրաժեշտ պայմաններ.
2) ենթակաների մոտ դաստիարակել պատասխանատվության զգացում ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ.
3) ենթակաների ծառայողական գործունեությունը վերադասի մոտ գնահատելիս լինել օբյեկտիվ և ապահովել անհրաժեշտ հրապարակայնություն.
4) բացառել հովանավորչությունն անձնակազմի հետ աշխատելիս.
5) բացառել մաքսային ծառայողի հետապնդումներն անձնական բնույթի շարժառիթներով կամ տվյալ ծառայությունում առկա թերությունների վերաբերյալ արտահայտած քննադատության համար.
6) հետամուտ լինել իրենց ենթակաների իրավունքների և օրինական շահերի պաշտպանության համար:
Մաքսային մարմինների ղեկավարները պետք է հատուկ ուշադրություն դարձնեն ենթակաների անհատական հատկանիշների ուսումնասիրմանը, սույն օրենքով սահմանված փոխհարաբերությունների պահպանմանը, անձնակազմի համախմբմանը, ժամանակին հայտնաբերեն ենթակաների կատարած զանցանքների պատճառները, նախազգուշացնեն նրանց, կարգազանցների նկատմամբ դրսևորեն անհանդուրժողական վերաբերմունք:»:
ՀՈԴՎԱԾ 18. Օրենքի 48-րդ հոդվածի`
1) երկրորդ մասի 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«9) ատեստավորման արդյունքներով կամ ատեստավորման արդյունքում վերադաս մաքսային մարմնի ղեկավարի կայացրած որոշման համաձայն անցկացված վերապատրաստման արդյունքներով զբաղեցրած պաշտոնին անհամապատասխանությունը որոշելը.».
2) երկրորդ մասի 10-րդ կետի 2-րդ պարբերությունն ուժը կորցրած ճանաչել: Կետը լրացնել հետևյալ դրույթներով.
«Ծառայողական կարգապահական կանոնների միանգամյա կոպիտ խախտումներ են`
1) օրենսդրության պահանջների չկատարումը կամ ոչ պատշաճ կատարումը, եթե դրա արդյունքում տեղի է ունեցել մաքսային վճարների գծով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարման ենթակա գումարների ավելի կամ թերի հաշվարկում (առաջադրում) 1.000.000 դրամից ավելի.
2) պետական, բանկային, առևտրային, ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունները հրապարակելը, անձնական նպատակներով օգտագործելը, երրորդ անձանց տրամադրելը, եթե դրանց տրամադրումը նախատեսված չէ օրենքով.
3) առանց հարգելի պատճառների գործալքությունը (այդ թվում` աշխատանքային օրվա ընթացքում ավելի քան երեք ժամ աշխատանքից բացակայելը).
4) ոչ սթափ վիճակում, թմրամիջոցներ կամ թունամիջոցներ օգտագործած վիճակում աշխատանքի ներկայանալը.
5) աշխատանքի վայրում գույք հափշտակելը (այդ թվում` մանր), անհիմն ծախսեր կատարելը, գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը, որը հաստատվել է դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով.
6) աշխատողի կողմից աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելը, եթե այդ խախտումն առաջացրել է կամ կարող էր առաջացնել մարդկանց հետ դժբախտ դեպքեր կամ այլ ծանր հետևանքներ.
7) անմիջականորեն դրամական կամ ապրանքային արժեքներ սպասարկող ծառայողի կողմից թույլ տրված այնպիսի մեղավոր գործողությունը կամ անգործությունը, որը վերադաս մաքսային մարմնի ղեկավարի վստահությունը կորցնելու հիմք է տալիս.
8) վերադաս մաքսային մարմնի տարածաշրջանային մաքսատան ղեկավարի կամ տեղակալի, մաքսային կետի պետի կամ տեղակալի, գլխավոր հաշվապահի կողմից անհիմն որոշում ընդունելը, եթե դա հանգեցրել է մաքսատան կամ մաքսային կետի գույքի անիրավաչափ օգտագործման, գույքի ամբողջականության խախտման կամ այլ վնասի:
Ծառայողական կարգապահական կանոնների պարբերաբար խախտող է համարվում ծառայողական կարգապահության խախտման համար կարգապահական տույժ ստացած այն ծառայողը, ով կրկին խախտել է դա:
Եթե մեկ տարվա ընթացքում մաքսային ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական երեք տույժ, ապա մաքսային ծառայողն ազատվում է պաշտոնից:»:
ՀՈԴՎԱԾ 19. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 48.1-րդ հոդվածով.
«Հոդված 48.1. ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՏՈՒՅԺԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ
Եթե մաքսային ծառայողը կարգապահական տույժի կիրառման օրվանից մեկ տարվա ընթացքում նոր կարգապահական տույժի չի ենթարկվել, ապա նա համարվում է կարգապահական տույժի չենթարկված, և դրա համար նոր հրաման չի տրվում:
Կարգապահական տույժը մինչև մեկ տարին լրանալը կարող է հանել դա կիրառած պաշտոնատար անձը կամ վերադաս մաքսային մարմնի ղեկավարը, եթե մաքսային ծառայողը թույլ չի տվել աշխատանքային կարգապահության նոր խախտում և իրեն դրսևորել է որպես լավ և բարեխիղճ ծառայող:
«Հատուկ կոչման իջեցում, բայց 2 աստիճանից ոչ ավելի» կարգապահական տույժ ստացած մաքսային ծառայողի նախկին հատուկ կոչումը վերականգնվում է վերադաս մաքսային մարմնի ղեկավարի հրամանով, բայց ոչ շուտ, քան կոչումն իջեցնելու օրվանից մեկ տարի հետո, դրական բնութագրման դեպքում:
«Պաշտոնի իջեցում մեկ աստիճանով» կարգապահական տույժը կարող է հանվել ոչ շուտ, քան պաշտոնի իջեցման օրվանից վեց ամիս անց:
Կարգապահական տույժի գործողության ընթացքում մաքսային ծառայողի նկատմամբ խրախուսանքի ձև չի կիրառվում, բացառությամբ սույն օրենքի 43-րդ հոդվածի առաջին մասի 1-ին կետի հինգերորդ պարբերությամբ նախատեսված խրախուսանքի:
Ժամկետից շուտ հանված կամ ուժը կորցրած կարգապահական տույժը չի կարող հաշվի առնվել մաքսային ծառայողի ազատման ժամանակ և չի կարող նշվել ծառայողական բնութագրում:
Սույն օրենքով նախատեսված կարգապահական տույժերը տրվում են հրամանով:»:
ՀՈԴՎԱԾ 20. Օրենքի 56-րդ հոդվածի երկրորդ կետից հանել «մաքսային ծառայության կարգապահական կանոնադրությունն ընդունելուց և» բառերը:
ՀՈԴՎԱԾ 21. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
2003 թ. մայիսի 12
Երևան
ՀՕ-539-Ն