Հոդված 8. Կազմակերպության ղեկավարի իրավունքները և պարտականությունները հաշվապահական հաշվառման կազմակերպման գործում
Հոդված 8. Կազմակերպության ղեկավարի իրավունքները և պարտականությունները հաշվապահական հաշվառման կազմակերպման գործում
1. Կազմակերպության ղեկավարը պատասխանատվություն է կրում հաշվապահական հաշվառումը կարգավորող իրավական ակտերի պահանջներին համապատասխան հաշվապահական հաշվառում կազմակերպելու համար:
2. Հաշվապահական հաշվառման աշխատանքների ծավալից կախված` կազմակերպության ղեկավարն իրավունք ունի հաշվապահական հաշվառումը վարելու`
1) կառուցվածքային ստորաբաժանում համարվող հաշվապահական ծառայության (այսուհետ` հաշվապահական ծառայություն) միջոցով.
2) կազմակերպության աշխատող համարվող հաշվապահի միջոցով.
3) սույն օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով նախատեսված ցանկում ընդգրկված հաշվապահական ծառայություններ մատուցող կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ միջոցով:
3. Կազմակերպության ղեկավարը պարտավոր է`
1) լիազոր մարմնի հաստատած հաշվապահական հաշվառման քաղաքականության օրինակելի մոդելի հիման վրա սահմանել կազմակերպության հաշվապահական հաշվառման քաղաքականությունը և լիազոր մարմնի սահմանած կարգով և ժամկետներում այն համաձայնեցնել համապատասխան պետական մարմնի (եթե այդպիսին կա) և լիազոր մարմնի հետ.
2) ապահովել հաշվապահական հաշվառում վարելը, ֆինանսական հաշվետվություններ պատրաստելն ու ներկայացնելը:
4. Հաշվապահական հաշվառման քաղաքականությունը որոշակի սկզբունքներ, հիմունքներ, եղանակներ, կանոններ, ձևեր և արարողակարգեր են, որոնք կիրառվում են կազմակերպության կողմից ֆինանսական հաշվետվություններ պատրաստելու և ներկայացնելու նպատակով: