Հոդված 47. Գյուտի միասնության պահանջը
Հոդված 47. Գյուտի միասնության պահանջը
1. Գյուտի հայտը կարող է վերաբերել մեկ գյուտի կամ միասնական գյուտարարական մտահղացում կազմող գյուտերի խմբի (գյուտի միասնության պահանջ):
2. Եթե գյուտի հայտում ներկայացվում է գյուտերի խումբ, գյուտի միասնության պահանջը համարվում է կատարված միայն այն դեպքում, երբ այդ գյուտերի միջև առկա է տեխնիկական փոխադարձ կապ, որն արտահայտվում է մեկ կամ մի քանի միանման կամ համապատասխան «հատուկ տեխնիկական հատկանիշներով, այսինքն` այնպիսի տեխնիկական հատկանիշներով, որոնք որոշում են տեխնիկայի մակարդակի մեջ գյուտերից յուրաքանչյուրի ներդրումը:
3. Գյուտի հայտը, որը չի բավարարում սույն հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջը, հայտատուի նախաձեռնությամբ կամ պետական լիազոր մարմնի առաջարկով, սույն օրենքի 31-րդ հոդվածի 11-րդ մասում նշված ժամկետում կարող է բաժանվել մեկ կամ մի քանի զատված հայտ ներկայացնելու միջոցով:
4. Զատված հայտը կարող է ներկայացվել գյուտի միայն այն տարրերի համար, որոնք դուրս չեն գալիս սկզբնական (ավելի վաղ) հայտի շրջանակներից, այն տեսքով, ինչպես այն եղել է ներկայացված:
5. Զատված հայտը, որը բավարարում է սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված պահանջը, պահպանում է սկզբնական (ավելի վաղ) հայտով սահմանված առաջնությունը և հայտի ներկայացման թվականը:
6. Սույն հոդվածի 3-րդ մասում նշված դրույթների կիրառումն ապահովող ընթացակարգը և պահանջները, որոնց պետք է բավարարի զատված հայտը, սահմանվում են Կարգով: