Հոդված 9. Հայտերի գործավարության գաղտնիությունը
Հոդված 9. Հայտերի գործավարության գաղտնիությունը
1. Պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկություններ պարունակող գյուտերի գաղտնիության աստիճանի որոշումը, դրանց օգտագործումը և դրանց մասին տեղեկությունների հրապարակումն իրականացվում են Կառավարության սահմանած կարգով:
2. «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» օրենքի համաձայն գաղտնի համարվող օբյեկտի մասին տեղեկություններ ներառող հայտի (գաղտնի օբյեկտի հայտի) բոլոր փաստաթղթերը կազմվում և հաշվառվում են նշված օրենքի պահանջներին համապատասխան:
3. Մինչև պետական լիազոր մարմնի պաշտոնական տեղեկագրում գյուտի արտոնագիր ստանալու հայտերի կամ գյուտերի կարճաժամկետ արտոնագրերի մասին տեղեկությունների հրապարակումը դրանց նյութերը համարվում են գաղտնի:
4. Սույն հոդվածի 3-րդ մասի համաձայն գաղտնի համարվող նյութերը ծանոթացման համար դառնում են մատչելի միայն հայտատուի գրավոր համաձայնությամբ կամ թույլտվությամբ, իսկ քրեական գործերով նախնական քննություն իրականացնող մարմինների և դատարանի համար` օրենքով սահմանված կարգով: Ընդ որում, նշված նյութերը համարվում են ծանոթացման համար մատչելի, եթե դրանց հնարավոր է ծանոթանալ օրենքով չարգելված միջոցով:
5. Ցանկացած անձ, որն ապացուցում է, որ հայտատուն իրեն գրավոր տեղեկացրել է հայտի և խնդրարկվող իրավական ծավալի բովանդակության մասին, սույն հոդվածի 3-րդ մասի համաձայն գաղտնի համարվող նյութերին կարող է ծանոթանալ առանց հայտատուի լրացուցիչ համաձայնության կամ թույլտվության:
6. Սույն օրենքի 44-րդ հոդվածի 3-րդ մասում նշված ավանդադրված կենսաբանական նյութը հասանելի է դրա նմուշի տրամադրման միջոցով`
1) մինչև գյուտի հայտի մասին տեղեկությունների հրապարակումը` միայն սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված կարգով սահմանված և սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված համապատասխան լիազորություն ունեցող անձանց համար.
2) գյուտի հայտի մասին տեղեկությունների հրապարակումից հետո մինչև արտոնագիր տալը` ցանկացած անձի, որը դիմում է դրա համար, կամ հայտատուի պահանջով` միայն անկախ փորձագետին.
3) արտոնագիրը տալուց հետո` ցանկացած անձի դիմումի հիման վրա, անկախ արտոնագիրը չեղյալ կամ անվավեր ճանաչվելու հանգամանքից:
7. Սույն հոդվածի 6-րդ մասի համաձայն` ավանդադրված կենսաբանական նյութի նմուշը տրամադրվում է, եթե դիմում ներկայացնող անձն արտոնագրի գործողության ժամանակահատվածում երաշխավորում է`
1) նմուշը կամ դրանից ստացված ցանկացած նյութ մատչելի չդարձնել երրորդ անձանց համար.
2) նմուշը կամ դրանից ստացված ցանկացած նյութ չօգտագործել որևէ այլ նպատակով (բացառությամբ հետազոտական նպատակների), եթե հայտատուն կամ արտոնագրատերը չի տվել այդպիսի իրավունք:
8. Եթե կենսաբանական նյութին վերաբերող հայտը մերժվել կամ հետ է կանչվել, ապա հայտատուի դիմումի հիման վրա ավանդադրված նյութի մատչելիությունը սահմանափակվում է հայտի ներկայացման թվականից հաշված՝ 20 տարի ժամկետով` այդ իրավունքը վերապահելով անկախ փորձագետի: Այս դեպքում կիրառվում են սույն հոդվածի 7-րդ մասի դրույթները:
9. Սույն հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետում և 8-րդ մասում նշված դիմումները հայտատուն կարող է ներկայացնել հայտի մասին տեղեկությունների նախատեսվող հրապարակման օրվանից ոչ ուշ, քան 10 աշխատանքային օր առաջ:
10. Մինչև պաշտոնական տեղեկագրում գյուտի արտոնագիր ստանալու հայտի կամ գյուտի կարճաժամկետ արտոնագրի մասին տեղեկությունների հրապարակումը պետական լիազոր մարմինը կարող է բացահայտել կամ երրորդ անձանց տրամադրել հետևյալ տվյալները.
1) հայտի համարը.
2) հայտի ներկայացման թվականը, իսկ առաջնություն խնդրարկելու դեպքում` նաև առաջին հայտի ներկայացման թվականը, համարը և երկիրը.
3) հայտատուին վերաբերող տվյալները (ֆիզիկական անձի դեպքում` անունը, ազգանունը, բնակության վայրը, անհատ ձեռնարկատիրոջ դեպքում՝ անունը, ազգանունը, հայրանունը (առկայության դեպքում) (անհատ ձեռնարկատեր նշումով), հաշվառման վայրը, կազմակերպության դեպքում` անվանումը, գտնվելու վայրը).
4) գյուտի անվանումը, եթե այն չի բացահայտում տվյալ գյուտի էությունը: