Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2021-07-01-ից մինչև 2022-07-01։Բացել գործող տեքստը
Գլուխ 6 · ԱՐՏՈՆԱԳԻՐ ՏԱԼՈՒՆ ՆԱԽՈՐԴՈՂ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

Հոդված 52. Գյուտի ըստ էության փորձաքննությունը

գործել է մինչև 2022-07-01Բացել ARLIS-ում

Հոդված 52. Գյուտի ըստ էության փորձաքննությունը

1. Հայտի հրապարակումից հետո հայտատուի կամ ցանկացած երրորդ անձի ներկայացրած գրավոր դիմումի հիման վրա, որը պետական լիազոր մարմին կարող է ներկայացվել հայտի ներկայացման թվականից կամ միջազգային հայտի ազգային փուլ փոխադրման թվականից հետո՝ հինգ տարվա ընթացքում, անցկացվում է գյուտի ըստ էության փորձաքննություն:

2. Երրորդ անձի կողմից ստացված գյուտի ըստ էության փորձաքննություն անցկացնելու վերաբերյալ դիմումի մասին պետական լիազոր մարմինը ծանուցում է հայտատուին:

3. Մի քանի անձանց կողմից գյուտի ըստ էության փորձաքննություն անցկացնելու մասին դիմումների ներկայացման դեպքում ավելի ուշ ներկայացման թվական ունեցողները համարվում են չներկայացված, եթե դրանք վերաբերում են այն գյուտին (գյուտերին), որին վերաբերում է ավելի վաղ ներկայացված դիմումը (դիմումները), որի մասին ծանուցվում են այդ դիմումները ներկայացնողները:

4. Գյուտի ըստ էության փորձաքննություն անցկացնելու մասին դիմումը համարվում է ներկայացված օրենքով սահմանված պետական տուրքի վճարման դեպքում և չի կարող հետ կանչվել:

5. Գյուտի ըստ էության փորձաքննություն անցկացնելու մասին դիմումն ստանալուց հետո պետական լիազոր մարմինն ստուգում է վճարված պետական տուրքի համապատասխանությունը սահմանված չափին: Եթե վճարված գումարը չի համապատասխանում սահմանված չափին, ապա դիմումատուին առաջարկվում է լրավճարել պետական տուրքը կամ սահմանափակել իր հավակնությունները: Սահմանված ժամկետում դիմումատուի վճարած պետական տուրքը սահմանված չափին համապատասխանեցնելու կամ իր հավակնությունները սահմանափակելու դեպքում պետական լիազոր մարմինը երեք աշխատանքային օրվա ընթացքում ծանուցում է դիմումատուին գյուտի ըստ էության փորձաքննության անցկացումը սկսելու մասին: Ծանուցագրի ուղարկման թվականը համարվում է գյուտի ըստ էության փորձաքննության անցկացման սկիզբը: Եթե գյուտի ըստ էության փորձաքննություն անցկացնելու մասին դիմումը և ըստ էության փորձաքննություն անցկացնելու համար օրենքով սահմանված պետական տուրքի վճարումը հաստատող փաստաթուղթը չեն ներկայացվում սույն հոդվածի 1-ին մասում նշված ժամկետում, ապա հայտը համարվում է հետկանչված, որի մասին ծանուցվում է հայտատուն:

6. Գյուտի ըստ էության փորձաքննությունը չի անցկացվում, եթե ըստ էության փորձաքննություն անցկացնելու մասին ներկայացված դիմումը վերաբերում է ավելի վաղ հետկանչված կամ հետ կանչված համարված հայտին:

7. Սույն օրենքի 47-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն զատված հայտով, որը առանձնացվել է այն սկզբնական (ավելի վաղ) ներկայացված հայտից, որով սկսվել էր ըստ էության փորձաքննության անցկացումը և վճարվել էր օրենքով սահմանված պետական տուրքը, ըստ էության փորձաքննությունն անցկացվում է սույն օրենքի 50-րդ հոդվածով նախատեսված հայտի նախնական փորձաքննության դրական արդյունքով ավարտից անմիջապես հետո: Գյուտի ըստ էության փորձաքննություն անցկացնելու համար սահմանված պետական տուրքը այս դեպքում չի վճարվում:

8. Գյուտի ըստ էության փորձաքննության անցկացման շրջանակներում ստուգվում է մասնավորապես սույն օրենքի 12-17-րդ հոդվածներով, 24-րդ հոդվածի 2-րդ, 9-րդ և 10-րդ մասերով, 44-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով և 45-րդ հոդվածով սահմանված պահանջներին համապատասխանությունը:

9. Գյուտի ըստ էության փորձաքննություն անցկացնելու մասին դիմում ներկայացրած անձը, որը չի հանդիսանում հայտատու, հայտի քննարկմանը չի մասնակցում:

10. Եթե գյուտի ըստ էության փորձաքննություն անցկացնելու ընթացքում պարզվում է, որ հայտարկված գյուտը չի համապատասխանում սույն հոդվածի 8-րդ մասում նշված հոդվածներով սահմանված պահանջներին, ապա պետական լիազոր մարմինը հայտատուին ուղարկում է հարցում` այն ուղարկելու օրվանից՝ եռամսյա ժամկետում, նկատառումներ ներկայացնելու և հայտի նյութերում փոփոխություններ կատարելու մասին` սույն օրենքի 50-րդ հոդվածով սահմանված լրացուցիչ նյութերին ներկայացվող պահանջներին համապատասխան:

11. Եթե հայտատուն սահմանված ժամկետում չի պատասխանում սույն հոդվածի 10-րդ մասին համապատասխան ուղարկված հարցմանը կամ, սույն օրենքի 35-րդ հոդվածի համաձայն, չի դիմում սահմանված ժամկետի երկարաձգման համար, ապա հայտը համարվում է հետկանչված:

12. Եթե գյուտի ըստ էության փորձաքննության ընթացքում պարզվում է, որ խախտված է գյուտի միասնության պահանջը, ապա կիրառվում են սույն օրենքի 50-րդ հոդվածի 10-րդ մասի դրույթները:

13. Եթե մինչև ըստ էության փորձաքննության ավարտը հայտը հետ է կանչում հայտատուն, ապա պետական լիազոր մարմինը գյուտի ըստ էության փորձաքննություն անցկացնելու մասին դիմում ներկայացրած երրորդ անձին ծանուցում է այդ մասին:

14. Գյուտի ըստ էության փորձաքննության արդյունքներով, հաշվի առնելով սույն օրենքի 56-րդ հոդվածի համաձայն ստացված առարկություններն ու հայտատուի նկատառումները, պետական լիազոր մարմինը որոշում է կայացնում արտոնագիր տալու կամ արտոնագիր տալը մերժելու մասին:

15. Սույն հոդվածի 14-րդ մասի համաձայն՝ պետական լիազոր մարմնի կայացրած որոշումը տրամադրվում է հայտատուին: Եթե ըստ էության փորձաքննությունն անցկացվել է երրորդ անձի դիմումի համաձայն, ապա նրան տրամադրվում է պետական լիազոր մարմնի որոշման պատճենը:

16. Սույն հոդվածի 14-րդ մասում նշված գյուտի արտոնագիր տալու մասին որոշման կայացման համար հիմք կարող է ծառայել նաև նույն գյուտի ըստ էության փորձաքննության արդյունքներով օտարերկրյա ազգային կամ տարածաշրջանային արտոնագրային գերատեսչության տված եզրակացությունը կամ արտոնագիրը` Կարգով նախատեսված պայմաններին համապատասխան: Արտոնագրաունակության մասին եզրակացությունը նշված գերատեսչություններից պետական լիազոր մարմինը կարող է ստանալ նաև պայմանագրային հիմունքներով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։