Հոդված 45.4. Զենքի կիրառումը (գործադրումը և օգտագործումը)
Հոդված 45.4. Զենքի կիրառումը (գործադրումը և օգտագործումը)
1. Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողը հանցագործությունների կանխման, խափանման, հայտնաբերման, բացահայտման կամ այլ գործառույթներ իրականացնելիս իրավունք ունի զենք գործադրելու`
1) քաղաքացիներին` նրանց կյանքի կամ առողջության համար վտանգավոր հարձակումից պաշտպանելիս.
2) հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի վրա կատարվող հարձակումը հետ մղելու համար, երբ նրա կյանքին կամ առողջությանը վտանգ է սպառնում, ինչպես նաև նրա զենքին տիրանալու փորձը կանխելիս.
3) պատանդներին ազատելիս.
4) ծանր կամ առանձնապես ծանր հանցանք կատարելու պահին բռնված և փախուստի փորձ կատարող, ինչպես նաև զինված կամ խմբակային դիմադրություն ցույց տվող անձանց ձերբակալելիս.
5) ծանր կամ առանձնապես ծանր հանցանքի կատարման կասկածանքով ձերբակալված, կալանքի կամ ազատազրկման վայրերից փախուստի դիմած անձանց բռնելիս կամ փախուստը խափանելիս, ինչպես նաև նրանց բռնի ազատման փորձերը հետ մղելիս:
2. Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողն իրավունք ունի զենք օգտագործելու`
1) տրանսպորտային միջոցը վնասելով կանգնեցնելիս, եթե վարորդն իրական վտանգ է ստեղծում քաղաքացիների կյանքի ու առողջության համար և չի ենթարկվում հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի` տրանսպորտային միջոցը կանգնեցնելու ազդանշաններին.
2) մարդկանց կյանքին և առողջությանն անմիջականորեն սպառնացող կենդանիներին վնասազերծելիս.
3) զենք օգտագործելու կամ գործադրելու մտադրության մասին նախազգուշական կրակոց արձակելիս, տագնապ հայտարարելիս կամ օգնության կանչելիս:
3. Արգելվում է զենքի գործադրումը հղիության նկատելի նշաններով կանանց, ակնհայտ հաշմանդամություն ունեցող անձանց և անչափահասների (այդ թվում, եթե ծառայողին հայտնի է անձի հղի, հաշմանդամություն ունենալու կամ անչափահաս լինելու հանգամանքը) նկատմամբ (բացառությամբ նրանց կողմից քաղաքացիների կյանքի համար վտանգավոր զինված կամ խմբակային հարձակման և զինված դիմադրության դեպքերի), ինչպես նաև երբ զենքի գործադրումից կարող են տուժել այլ անձինք:
4. Արգելվում է հակակոռուպցիոն կոմիտեի սպառազինության մեջ զենքի կամ ռազմամթերքի այնպիսի տեսակներ ընդգրկելը, որոնք պատճառում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսվածից առավել ծանր վնասվածքներ կամ չհիմնավորված ռիսկի աղբյուր են:
5. Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողին պահելու և կրելու իրավունքով զենք և ռազմամթերք հատկացնելու, ինչպես նաև հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի կողմից զենքը հանձնելու կարգը սահմանում է հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը: Հատկացված զենքը պահելու և կրելու կարգը սահմանում է Կառավարությունը: