Հոդված 28. Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի իրավունքները
Հոդված 28. Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի իրավունքները
1. Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողն իրավունք ունի՝
1) ծանոթանալու իր անձնական գործի բոլոր նյութերին, իր գործունեության գնահատագրերին և այլ փաստաթղթերի, ինչպես նաև ներկայացնելու պարզաբանումներ.
2) սահմանված կարգով ստանալու ծառայողական պարտականությունների կատարման համար անհրաժեշտ տեղեկություններ և նյութեր.
3) իր իրավասության սահմաններում քննարկելու հարցեր և ընդունելու որոշումներ.
4) ստանալու օրենքով նախատեսված վարձատրություն.
5) իրավական պաշտպանության, սոցիալական պաշտպանության և ապահովության.
6) սահմանված կարգով մասնակցելու ծառայողական առաջխաղացմանը և ստանալու իր պաշտոնին համապատասխանող ավելի բարձր դասային աստիճան.
7) սահմանված կարգով վերապատրաստվելու պետական բյուջեի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին.
8) ներկայացնելու առաջարկություններ հակակոռուպցիոն կոմիտեի գործունեության կատարելագործման վերաբերյալ:
2. Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողն ունի օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված այլ իրավունքներ:
3. Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողները և նրա ընտանիքի անդամները պետության պաշտպանության ներքո են: Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի, նրա ընտանիքի անդամների կամ նրա զբաղեցրած բնակելի և ծառայողական տարածքների անձեռնմխելիության նկատմամբ ոչ իրավաչափ ներգործության սպառնալիքի դեպքում հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողն անվտանգությունն ապահովելու նպատակով իրավունք ունի դիմելու հակակոռուպցիոն կոմիտեի նախագահին: