Հոդված 6
Հոդված 6.
Քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցումը
1. Քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցումն իրականացվում է` ելնելով ինչպես քաղաքացիների գույքային և անձնական` ոչ գույքային իրավունքների, պաշտպանության նպատակից, այնպես էլ պետության շահերից:
2. ՔԿԱԳ մարմինը քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցումն իրականացնում է քաղաքացիական կացության ակտում համապատասխան գրառում կատարելու և այդ գրառման հիման վրա քաղաքացուն պետական գրանցման վկայական տալու միջոցով:
3. ՔԿԱԳ մարմինը քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցումն իրականացնում է ՔԿԱԳ մարմին փաստաթղթերի ներկայացման օրը, եթե սույն օրենքով այլ ժամկետներ նախատեսված չեն:
ՔԿԱԳ մարմին փաստաթղթերի ներկայացման օրը պետական գրանցման համար սահմանված բոլոր անհրաժեշտ փաստաթղթերի փաստացի ստացման ժամանակն է, որը փաստաթղթերն ընդունած անձի ստորագրությամբ նշվում է ստացված դիմումի վրա և գրառվում է փաստաթղթերի ընդունման մատյանում:
4. ՔԿԱԳ մարմնի ղեկավարը կամ աշխատողը իրավունք չունի իրականացնելու իրեն, իր ամուսնուն, ամուսնու և իր ազգականներին (ծնող, երեխա, թոռ, պապ, տատ, հարազատ եղբայր և քույր) վերաբերող քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում: Նման դեպքերում քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցումն իրականացնում է ՔԿԱԳ մարմնի այլ աշխատող կամ ՔԿԱԳ այլ մարմին:
5. Քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցման ճշտության և քաղաքացիական կացության ակտերի գրառումները կազմելու որակի համար պատասխանատու են ՔԿԱԳ մարմնի ղեկավարը և գրանցում կատարող աշխատողը։