Հոդված 16
Հոդված 16.
Ծննդյան մասին հայտարարությունը
1. Երեխայի ծննդյան մասին գրավոր հայտարարությունը ՔԿԱԳ մարմնին տրվում է ոչ ուշ, քան երեխայի ծննդի օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում:
2. Երեխայի ծննդյան մասին հայտարարության հետ պետք է ներկայացվի երեխայի ծնունդը հաստատող փաստաթուղթ, ինչպես նաև ծնողների (ծնողներից մեկի) կամ դիմողի անձը հաստատող, երեխայի ծննդի ակտի գրառման մեջ հոր մասին տեղեկություններ լրացնելու համար հիմք համարվող փաստաթղթեր:
Ծննդյան դիմումը (հայտարարությունը) գրավոր ներկայացվում է ՔԿԱԳ մարմին, դիմումում պետք է նշել հետևյալ տեղեկությունները.
ա) երեխայի անունը, հայրանունը և ազգանունը.
բ) ծննդյան վայրը, ժամանակը և սեռը.
գ) անհրաժեշտ այլ տեղեկություններ:
3. Եթե երեխան ծնվել է ոչ բժշկական կազմակերպությունում և ծննդաբերության ժամանակ առանց բժշկական օգնություն ցույց տալու, ծննդի ժամանակ ներկա գտնված անձի հայտարարությունը պետք է ներկայացվի սույն օրենքի 14-րդ հոդվածով սահմանված կարգով:
4. Եթե երեխայի ծննդի պետական գրանցումը կատարվում է այն ծնողների հայտարարությամբ, ովքեր օրենքով սահմանված կարգով օգտվել են վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից` արհեստական սերմնավորում կամ արհեստական բեղմնավորում և սաղմի ներպատվաստում կամ պտղի հասունացում այլ կնոջ (փոխնակ մոր) միջոցով և ունեն նոտարական կարգով վավերացված փոխադարձ պայմանագիր, երեխայի ծնունդը հաստատող փաստաթղթի հետ պետք է ներկայացվի պայմանագրի պատճենը, որը հաստատում է երեխային ծննդաբերած կնոջ համաձայնությունը՝ նշված ամուսիններին որպես երեխայի ծնողներ գրառելու վերաբերյալ։
5. Երեխայի ծննդյան մասին հայտարարություն տալու անհնարինության դեպքում երեխայի ծննդի պետական գրանցման գրավոր հայտարարությունը տալիս է երեխայի գտնվելու վայրի համայնքի ղեկավարը (Երևան քաղաքում` վարչական շրջանի ղեկավարը) կամ լիազորված անձը` սույն օրենքով սահմանված կարգով:
(16-րդ հոդվածը փոփ., լրաց. 23.05.06 ՀՕ-64-Ն, լրաց. 16.09.10 ՀՕ-122-Ն)