Հոդված 20
Հոդված 20.
Մահացած ծնված կամ կյանքի չորս շաբաթվա ընթացքում մահացած երեխայի ծննդի պետական գրանցումը
1. Մահացած ծնված երեխայի ծննդի պետական գրանցումն իրականացվում է բժշկական կազմակերպության կամ բժշկի կողմից տրված` պերինատալ մահվան մասին սահմանված ձևի փաստաթղթի հիման վրա:
2. Մահացած ծնված երեխայի համար ծննդյան վկայական չի տրվում: Ծնողների (ծնողներից մեկի) պահանջով տրվում է փաստաթուղթ, որով հաստատվում է մահացած ծնված երեխայի ծննդի պետական գրանցման փաստը:
3. Մահացած ծնված երեխայի մահվան պետական գրանցում չի կատարվում:
4. Եթե երեխան մահացել է կյանքի չորս շաբաթվա ընթացքում, ապա կատարվում է նրա ծննդի և մահվան պետական գրանցում:
5. Կյանքի չորս շաբաթվա ընթացքում մահացած երեխայի ծննդի և մահվան պետական գրանցումը կատարվում է ծննդի, պերինատալ մահվան և մահվան մասին բժշկական կազմակերպության կամ բժշկի կողմից տրված սահմանված ձևի փաստաթղթերի հիման վրա:
6. Ծննդի և մահվան ակտերի գրառումների հիման վրա տրվում է միայն երեխայի մահվան վկայական: Ծնողների (ծնողներից մեկի) պահանջով տրվում է փաստաթուղթ, որով հաստատվում է կյանքի չորս շաբաթվա ընթացքում մահացած երեխայի ծննդի պետական գրանցման փաստը:
7. Մահացած ծնված երեխայի ծննդի կամ կյանքի չորս շաբաթվա ընթացքում երեխայի մահվան մասին ՔԿԱԳ մարմնին տեղյակ պահելու պարտականությունը դրվում է՝
ա) այն բժշկական կազմակերպության ղեկավարի վրա, որտեղ ընդունվել է ծնունդը, կամ որտեղ երեխան մահացել է.
բ) բժշկական կազմակերպությունից դուրս ծննդի դեպքում` այն բժշկական կազմակերպության ղեկավարի կամ բժշկի վրա, որը հաստատել է մահացած ծնված երեխայի ծննդի կամ կյանքի չորս շաբաթվա ընթացքում երեխայի մահվան փաստը:
8. Մահացած ծնված երեխայի ծննդի կամ կյանքի չորս շաբաթվա ընթացքում երեխայի մահվան մասին հայտարարությունը պետք է տրվի ոչ ուշ, քան մահացած ծնված երեխայի ծննդից կամ երեխայի մահվան օրվանից հետո` յոթ օրվա ընթացքում: