Հոդված 5
Հոդված 5
Հարցազրույցների կազմակերպման կարգը
5.1. Համաձայնագրի 9-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` եթե Համաձայնագրի 1-ին և 2-րդ հավելվածներում կամ սույն Արձանագրության 3-րդ և 4-րդ հոդվածներում թվարկված փաստաթղթերից ոչ մեկը չի կարող ներկայացվել, կամ այդ փաստաթղթերի իսկությունը կասկածի տակ է, Հայցող կողմի իրավասու մարմինները հետընդունման ենթակա անձի քաղաքացիությունը հաստատելու համար, այդ մասին նշելով Համաձայնագրի 5-րդ հավելվածում նշված հետընդունման դիմումի մեջ, խնդրում են հարցազրույցի կազմակերպում հայցվող կողմի դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչություններից: Վերջիններս հարցազրույց են անցկացնում համապատասխան անձի հետ դիմումն ստանալուց հետո ամենաուշը հինգ (5) աշխատանքային օրվա ընթացքում:
5.2. Հարցազրույցն անց է կացվում կա՛մ հեռախոսով, կա՛մ, հնարավորության դեպքում, տեսակոնֆերանսի միջոցով, վարչական կալանքի կենտրոններում կամ սպասման գոտիներում, կամ, եթե պայմանները թույլ են տալիս, Հայցվող կողմի դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչությունների աշխատավայրում, կամ` նաև ուղղիչ-աշխատանքային ծառայությունների կողմից կառավարվող ազատազրկման վայրերում։
5.3. Եթե հարցազրույցի արդյունքում համապատասխան անձի քաղաքացիությունը հաստատվում է, ապա Հայցվող կողմի դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչություններն անմիջապես և ամենաուշը երեք (3) աշխատանքային օրվա ընթացքում տրամադրում են վերադարձի վկայական:
5.4. Եթե հարցազրույցի ընթացքում հնարավոր չի լինում հաստատել անձի քաղաքացիությունը, հարցազրույցի արդյունքը` հարցազրույցի գրավոր արձանագրության ձևով, հետընդունման դիմումի հետ միասին անմիջապես կամ հարցազրույցից հետո` ամենաուշը երեք (3) աշխատանքային օրվա ընթացքում, փոխանցվում է Հայցող կողմին էլեկտրոնային կամ ցանկացած այլ ժամանակակից տեխնիկական միջոցով: Հարցազրույցի արձանագրության մեջ նշվում են քաղաքացիության չճանաչման հիմնավորումները: