Հոդված 9
Հոդված 9
Ուղեկցող պահակախմբով վերադարձի դեպքում կիրառվող պայմանները
9.1. Եթե փոխանցումը կատարվում է ուղեկցող պահակախմբով, հետընդունման կամ տարանցման դիմումի պատասխանն ստանալուց անմիջապես հետո Հայցող կողմի իրավասու մարմինը Հայցվող կողմի իրավասու մարմնին հաղորդում է ուղեկցող պահակախմբի անդամների անունները և ազգանունները, ինչպես նաև` նրանց պաշտոնները:
Համաձայնագրի 12-րդ հոդվածի 3-րդ կետի և 15-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` եթե փոխանցումը կամ տարանցումը կատարվում է օդային ուղիներով, ապա ուղեկցող պահակախմբի անդամներն ազատվում են վիզա ձեռք բերելու պահանջից:
9.2. Սույն հոդվածի 1-ին կետում նշված ուղեկցող պահակախմբի անդամների վերաբերյալ տեղեկությունների փոփոխման դեպքում Հայցող կողմի իրավասու մարմինը Հայցվող կողմի իրավասու մարմնին անմիջապես տեղեկացնում է էլեկտրոնային կամ ցանկացած այլ ժամանակակից տեխնիկական միջոցով:
9.3. Պահակախմբի անդամները, գտնվելով Հայցվող կողմի տարածքում, պարտավոր են հարգել Հայցվող կողմի օրենսդրությունը:
9.4. Պահակախմբի անդամներն իրենց առաքելությունը կատարում են առանց զենքի, քաղաքացիական հագուստով և ապահովված լինելով այն փաստաթղթերով, որոնք ապացուցում են, որ հետընդունման կամ տարանցման որոշումը Կողմերի համատեղ համաձայնության արդյունքն է:
9.5. Հետընդունման կամ տարանցման գործողությունների ընթացքում ուղեկցող պահակախմբի անդամների իրավասությունները սահմանափակված են օրինական ինքնապաշտպանությամբ: Բացի այդ` Հայցվող կողմի ոստիկանական ուժի բացակայության դեպքում կամ նրանց աջակցելու նպատակով Հայցող կողմի ուղեկցող պահակախմբի անդամները կարող են համաչափ և ողջամիտ միջամտությամբ պատասխանել անմիջական և լուրջ վտանգին, որպեսզի արգելեն համապատասխան անձի փախուստը, իրեն կամ ուրիշին վնասելը կամ նյութական վնաս պատճառելը:
9.6. Կարիքի դեպքում Հայցվող կողմի իրավասու մարմիններն ուղեկցող պահակախմբի անդամներին անհրաժեշտ աջակցություն են տրամադրում:
9.7. Երբ օդանավով տարանցման գործողությունները կատարվում են պահակախմբով, Հայցող կողմն է ապահովում ուղեկցող պահակախումբը` պայմանով, որ այն չի լքի օդանավակայանի միջազգային տարածքը:
9.8. Հայցվող կողմը Հայցող կողմին տեղեկացնում է տարանցման կամ հետընդունման ընթացքում ծագած հարցերի մասին: