Հոդված 10. Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման, խթանման և պաշտպանության ոլորտում Կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի լիազորությունները
Հոդված 10. Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման, խթանման և պաշտպանության ոլորտում Կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի լիազորությունները
1. Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման, խթանման և պաշտպանության ոլորտում Կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն է: Լիազոր մարմինը՝
1) իր իրավասությունների շրջանակներում մշակում և իրականացնում է Կառավարության՝ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման, խթանման և պաշտպանության քաղաքականությունը.
2) մշակում է համալիր և տարեկան ծրագրերի նախագծերը և դրանք սահմանված կարգով ներկայացնում Կառավարության հաստատմանը, համագործակցում է հաշմանդամություն ունեցող անձանց ծառայություններ մատուցող, հաշմանդամություն ունեցող անձանց ներկայացնող հասարակական կազմակերպությունների, սույն օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասի 6-րդ կետում նշված այլ կազմակերպությունների և ֆիզիկական անձանց, ինչպես նաև աջակցող ցանցի հետ.
3) իր իրավասությունների շրջանակներում կազմակերպում է հաշմանդամություն ունեցող անձանց հետ աշխատող համապատասխան մասնագետների ուսուցման, վերապատրաստման և վերաորակավորման գործընթացը.
4) իր իրավասությունների շրջանակներում աջակցում է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների իրականացման հետ կապված խոչընդոտների վերացմանն ուղղված հետազոտությունների իրականացմանը.
5) հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման, ինչպես նաև աջակցող միջոցների տրամադրման ցուցումների վերաբերյալ մշակում և հաստատում է մեթոդական ուղեցույցներ.
6) զանգվածային լրատվության միջոցներով պարբերաբար հրապարակում է մատչելի տեղեկատվություն հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների իրականացման հետ կապված խոչընդոտների, դրանց կարգավորմանն ուղղված ծառայությունների և հաստատությունների վերաբերյալ, պաշտոնական կայքէջում հրապարակում է հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառմանն ուղղված ծրագրերի, միջոցառումների մասին տեղեկատվություն.
7) իրականացնում է սույն օրենքով և օրենքներով սահմանված այլ լիազորություններ:
(10-րդ հոդվածը լրաց. 10.12.21 ՀՕ-384-Ն)