Հոդված 14. Հաշմանդամների միջնակարգ, միջնակարգ-մասնագիտական և բարձրագույն կրթությունը
Հոդված 14. Հաշմանդամների միջնակարգ, միջնակարգ-մասնագիտական և բարձրագույն կրթությունը
Հաշմանդամների միջնակարգ, միջնակարգ-մասնագիտական և բարձրագույն կրթությունն իրականացվում է ընդհանուր տիպի, իսկ անհրաժեշտության դեպքում` հատուկ ուսումնական հաստատություններում:
Ընդունելության քննությունների ընթացքում հաշմանդամների և մյուս դիմորդների համար հավասար պայմաններ ստեղծելու նպատակով իրականացվում են համապատասխան միջոցառումներ՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով։
Ընդունելության քննությունները դրական գնահատականներով հանձնած հաշմանդամները այլ հավասար պայմանների դեպքում օգտվում են պետական և հավատարմագրված ոչ պետական բարձրագույն կամ միջնակարգ-մասնագիտական ուսումնական հաստատություններ ընդունվելու առաջնահերթ իրավունքից:
Ընդունելության քննությունները դրական գնահատականներով հանձնած 1-ին և 2-րդ խմբերի հաշմանդամներն և հաշմանդամ երեխայի կարգավիճակ ունեցող անձինք ընդունվում են պետական բարձրագույն կամ միջնակարգ-մասնագիտական հաստատությունների անվճար համակարգ` վճարովի համակարգի համար առնվազն անցումային միավորներ հավաքելու դեպքում:
Պետական բարձրագույն կամ միջնակարգ-մասնագիտական ուսումնական հաստատություններ ընդունված 1-ին և 2-րդ խմբի հաշմանդամների և հաշմանդամ երեխայի կարգավիճակ ունեցող անձանց ուսուցման ծախսերը կատարվում են պետական բյուջեի միջոցների հաշվին: Նրանց թվից ցերեկային ուսուցման հաշմանդամներին, անհրաժեշտ առաջադիմության հերթական քննությունները և ստուգարքները դրական գնահատականներով հանձնելու դեպքում, վճարվում է կրթաթոշակ` անկախ ստացվող նպաստից կամ թոշակից:
Ուսումնական պարապմունքներ կազմակերպվում են նաև բուժկանխարգելիչ կամ վերականգնողական հիմնարկներում բուժման կուրս անցնող հաշմանդամ երեխաների համար: Ֆինանսավորումը կատարվում է պետական բյուջեի միջոցների հաշվին` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով և ժամկետներում:
Սույն հոդվածի չորրորդ մասով սահմանված հիմքերով պետական բարձրագույն և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների անվճար համակարգում սովորող հաշմանդամ երեխայի կարգավիճակ ունեցող անձինք տեղափոխվում են տվյալ ուսումնական հաստատության վճարովի համակարգ, եթե 18 տարին լրանալուց հետո չեն ճանաչվել հաշմանդամ:
Սույն հոդվածի չորրորդ մասով սահմանված հիմքերով պետական բարձրագույն և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների անվճար համակարգում սովորող 1-ին և 2-րդ խմբի հաշմանդամի կարգավիճակ ունեցող անձինք տեղափոխվում են տվյալ ուսումնական հաստատության վճարովի համակարգ, եթե ուսումնառության ընթացքում կատարված բժշկասոցիալական վերափորձաքննության արդյունքներով չեն ճանաչվել հաշմանդամ:
Պետական բարձրագույն և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների վճարովի համակարգում սովորող անձինք ուսումնառության ընթացքում հաշմանդամ երեխայի կամ 1-ին և 2-րդ խմբի հաշմանդամի կարգավիճակ ստանալու դեպքում տեղափոխվում են տվյալ ուսումնական հաստատության անվճար համակարգ:
Յուրաքանչյուր ուսումնական տարվա սկզբում հաշմանդամ ուսանողն ուսումնական հաստատության վարչակազմ պետք է ներկայացնի իր հաշմանդամությունը հաստատող փաստաթուղթ:
(14-րդ հոդվածը լրաց. 12.10.99 ՀՕ-10, լրաց. 05.11.02 ՀՕ-457-Ն, 08.06.04 ՀՕ-89-Ն, փոփ. 14.12.04 ՀՕ-64-Ն)