Հոդված 18. Կրեդիտավորողի պատասխանատվությունը կրեդիտառուի առջև
Հոդված 18. Կրեդիտավորողի պատասխանատվությունը կրեդիտառուի առջև
1. Այն դեպքում, երբ կրեդիտավորողի կողմից խախտվել է կրեդիտառուի՝ սույն օրենքով կամ դրա հիման վրա ընդունված իրավական այլ ակտերով սահմանված որևէ իրավունք, այդ թվում, եթե կրեդիտավորողը կրեդիտավորման պայմանագրում չի ներառել սույն օրենքի 7-րդ հոդվածում նշված` կրեդիտավորման պայմանագրում ներառման ենթակա նվազագույն տեղեկությունները (պայմանները), ապա կրեդիտառուն իրավունք ունի անմիջապես դիմելու դատարան կամ Ֆինանսական համակարգի հաշտարարին, իսկ օրենքով նախատեսված դեպքում՝ առևտրային արբիտրաժ: Կրեդիտավորողի ծառայություններից օգտվող կրեդիտառուի իրավունքների խախտման փաստը հաստատվելու դեպքում դատարանի վճռով, առևտրային արբիտրաժի կամ Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշմամբ հօգուտ կրեդիտառուի բռնագանձվում է 300 000 (երեք հարյուր հազար) Հայաստանի Հանրապետության դրամ, բացառությամբ այն դեպքերի, երբ դատարան, առևտրային արբիտրաժ կամ Ֆինանսական համակարգի հաշտարարին դիմելու օրվա դրությամբ`
1) կրեդիտավորողը ձեռնարկել է կրեդիտառուի խախտված իրավունքը վերականգնելու համար անհրաժեշտ գործողությունները և
2) փաստացի վերացրել է կրեդիտառուի իրավունքի խախտումը, որը հնարավոր է վերացնել, և
3) կրեդիտառուի իրավունքի խախտման հետևանքով կրեդիտառուն փաստացի չի կրել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված իրական վնաս, իսկ այդպիսի վնաս կրելու դեպքում այն փոխհատուցել է կրեդիտավորողը։
Սույն հոդվածով նախատեսված՝ կրեդիտառուի իրավունքը չի կարող մեկնաբանվել որպես վնասների հատուցում պահանջելու` կրեդիտառուի իրավունքը սահմանափակող կամ բացառող դրույթ:
Սույն օրենքով կամ դրա հիման վրա ընդունված իրավական ակտերով սահմանված իրավունքի խախտումների վերացման անհնարինության դեպքում սույն հոդվածի 1-ին մասի 1-ին և 3-րդ կետերով նախատեսված պայմանների առկայությունը բավարար է սույն հոդվածով նախատեսված բացառության կիրառման համար:
2. Եթե կրեդիտավորողը կրեդիտավորման պայմանագրում չի ներառել սույն օրենքի 7-րդ հոդվածում նշված` կրեդիտավորման պայմանագրում ներառման ենթակա նվազագույն տեղեկությունները (պայմանները), ապա կրեդիտավորողն իր նախաձեռնությամբ կամ կրեդիտառուի պահանջով պարտավոր է կրեդիտավորման պայմանագիրը համապատասխանեցնել սույն օրենքի 7-րդ հոդվածում նշված պահանջներին՝ խախտումը հայտնաբերելու կամ կրեդիտառուի պահանջը ներկայացնելու պահից երեք աշխատանքային օրվա ընթացքում: Կրեդիտավորման պայմանագիրը սույն օրենքի 7-րդ հոդվածում նշված պահանջներին համապատասխանեցնելու հետ կապված բոլոր ծախսերը կրում է կրեդիտավորողը:
(18-րդ հոդվածը խմբ. 27.10.20 ՀՕ-472-Ն)
(27.10.20 ՀՕ-472-Ն օրենքն ունի անցումային դրույթ)