Հոդված 17. Տուգանքը՝ որպես կրեդիտավորողի պատասխանատվություն
Հոդված 17. Տուգանքը՝ որպես կրեդիտավորողի պատասխանատվություն
(վերնագիրը խմբ. 24.03.21 ՀՕ-140-Ն)
1. Կրեդիտավորողի կողմից սույն օրենքի կամ սույն օրենքի հիման վրա ընդունված իրավական այլ ակտերի պահանջները 365 օրվա ընթացքում մեկ անգամ խախտելու համար Կենտրոնական բանկը կարող է նշանակել տուգանք՝ երեք հարյուր հազարից մինչև հինգ հարյուր հազար Հայաստանի Հանրապետության դրամի չափով:
2. Կրեդիտավորողի կողմից սույն օրենքի կամ սույն օրենքի հիման վրա ընդունված իրավական այլ ակտերի պահանջները 365 օրվա ընթացքում երկու անգամ խախտելու համար Կենտրոնական բանկը կարող է նշանակել տուգանք՝ հինգ հարյուր հազարից մինչև մեկ միլիոն Հայաստանի Հանրապետության դրամի չափով:
3. Կրեդիտավորողի կողմից սույն օրենքի կամ սույն օրենքի հիման վրա ընդունված իրավական այլ ակտերի պահանջները 365 օրվա ընթացքում երեք կամ ավելի անգամ խախտելու համար Կենտրոնական բանկը կարող է նշանակել տուգանք՝ մեկ միլիոնից մինչև երկու միլիոն Հայաստանի Հանրապետության դրամի չափով:
4. Տուգանքը գանձվում է Կենտրոնական բանկի հայցով՝ դատարանի վճռով, այն դեպքում, երբ կրեդիտավորողը համաձայն չէ տուգանքի նշանակմանը կամ տուգանքի չափին: Տուգանքը գանձվում է հօգուտ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների:
5. Սույն օրենքի իմաստով՝ սույն օրենքի կամ սույն օրենքի հիման վրա ընդունված իրավական այլ ակտերի յուրաքանչյուր պահանջի մի քանի խախտում թույլ տալու դեպքում յուրաքանչյուր խախտում համարվում է առանձին խախտում:
6. Կենտրոնական բանկն իր իրավասությունների շրջանակում պատասխանատվության միջոցներ կիրառելիս տուգանքի՝ որպես պատասխանատվության միջոցի կիրառման դեպքում սույն օրենքի կամ սույն օրենքի հիման վրա ընդունված իրավական այլ ակտերի խախտումների համար առաջնորդվում է սույն հոդվածով։ Սույն հոդվածով սահմանված տուգանքը, որպես պատասխանատվության միջոց, Կենտրոնական բանկը կիրառում է «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
(17-րդ հոդվածը խմբ. 24.03.21 ՀՕ-140-Ն)
(24.03.21 ՀՕ-140-Ն օրենքն ունի անցումային դրույթ)