Հոդված 20. Կրեդիտավորողի պատասխանատվությունն սպառողի առաջ
Հոդված 20. Կրեդիտավորողի պատասխանատվությունն սպառողի առաջ
(վերնագիրը խմբ. 19.06.19 ՀՕ-93-Ն)
1. Այն դեպքում, երբ կրեդիտավորողի կողմից խախտվել է սպառողի՝ սույն օրենքով կամ դրա հիման վրա ընդունված իրավական այլ ակտերով սահմանված որևէ իրավունք, ապա սպառողն իրավունք ունի անմիջապես դիմելու դատարան, իսկ օրենքով նախատեսված դեպքում՝ առևտրային արբիտրաժ, ինչպես նաև Ֆինանսական համակարգի հաշտարարին:
2. «Կրեդիտավորողի ծառայություններից օգտվող սպառողի իրավունքների խախտման փաստը հաստատվելու դեպքում դատարանի վճռով, առևտրային արբիտրաժի կամ Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշմամբ հօգուտ սպառողի գանձվում է երեք հարյուր հազար դրամ, բացառությամբ այն դեպքերի, երբ դատարան, առևտրային արբիտրաժ կամ Ֆինանսական համակարգի հաշտարարին դիմելու օրվա դրությամբ`
1) կրեդիտավորողը ձեռնարկել է սպառողի խախտված իրավունքը վերականգնելու համար անհրաժեշտ բոլոր գործողությունները և փաստացի վերացրել է սպառողի իրավունքի խախտումը, և
2) սպառողի իրավունքի խախտման հետևանքով սպառողը փաստացի չի կրել նյութական վնաս, իսկ վնաս կրելու դեպքում այն փոխհատուցել է կրեդիտավորողը:
Ընդ որում, սույն հոդվածով նախատեսված սպառողի իրավունքը չի կարող մեկնաբանվել որպես վնասների հատուցում պահանջելու` սպառողի իրավունքը սահմանափակող կամ բացառող դրույթ:
3. Եթե կրեդիտավորողը կրեդիտավորման պայմանագրում չի ներառել սույն օրենքի 4-րդ հոդվածով և դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերով նախատեսված` կրեդիտավորման պայմանագրում ներառման ենթակա նվազագույն տեղեկությունները (պայմանները), ապա կրեդիտավորողն իր նախաձեռնությամբ կամ սպառողի պահանջով պարտավոր է կրեդիտավորման պայմանագիրը համապատասխանեցնել սույն օրենքի 4-րդ հոդվածով և դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտով նախատեսված պահանջներին՝ խախտումը հայտնաբերելու կամ սպառողի պահանջը ներկայացնելու պահից երեք աշխատանքային օրվա ընթացքում: Կրեդիտավորման պայմանագիրը սույն օրենքի 4-րդ հոդվածով և դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերով նախատեսված պահանջներին համապատասխանեցնելու հետ կապված բոլոր ծախսերը կրում է կրեդիտավորողը:
(20-րդ հոդվածը լրաց. 25.10.17 ՀՕ-183-Ն, խմբ. 19.06.19 ՀՕ-93-Ն)