Հոդված 2. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները
Հոդված 2. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները
1. Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.
1) կրեդիտ՝ պարտավորության տարաժամկետ վճարման իրավունք, վարկ, փոխառություն, ֆինանսական վարձակալություն (լիզինգ) կամ որևէ այլ համաձայնություն կամ պայմանավորվածություն, որի նպատակը ապրանքների, ծառայությունների կամ աշխատանքների ձեռքբերումը ֆինանսավորելն է.
2) կրեդիտավորող՝ բանկ, օտարերկրյա բանկի մասնաճյուղ, վարկային կազմակերպություն կամ գրավատուն, որը տրամադրում է կրեդիտ.
3) կրեդիտավորման պայմանագիր՝ գործարք, որով կրեդիտավորողն սպառողին տրամադրում կամ խոստանում է տրամադրել կրեդիտ.
4) մատակարար՝ ապրանքները վաճառող կամ ծառայություններ մատուցող կամ աշխատանքներ կատարող ֆիզիկական կամ իրավաբանական անձ.
5) տարեկան փաստացի տոկոսադրույք (Annual Percentage Rate կամ APR)՝ սպառողի կրեդիտավորման ընդհանուր ծախսը՝ արտահայտված տրամադրված կրեդիտի տարեկան տոկոսով, և հաշվարկված` հիմք ընդունելով սույն օրենքի 13-րդ հոդվածում նշված բանաձևը.
6) սպառող՝
ա. անձնական, ընտանեկան, տնային կամ այլ օգտագործման համար նախատեսված, ձեռնարկատիրական գործունեության հետ չկապված, ապրանքներ (աշխատանքներ, ծառայություններ) պատվիրելու կամ ձեռք բերելու նպատակով կրեդիտ ստացող ֆիզիկական անձ,
բ. գյուղատնտեսական նշանակության կրեդիտ ստացող ֆիզիկական անձ կամ գյուղատնտեսական նշանակության կրեդիտ ստացող անհատ ձեռնարկատեր,
գ. կրեդիտ ստացող՝ «Փոքր և միջին ձեռնարկատիրության պետական աջակցության մասին» օրենքով սահմանված գերփոքր առևտրային կազմակերպություններ և անհատ ձեռնարկատերեր.
7) սպառողի կրեդիտավորման ընդհանուր ծախսը՝ բոլոր տոկոսներն ու այլ վճարումները, որոնք սպառողը պարտավոր է վճարել (կատարել) կրեդիտավորման համար.
8) օվերդրաֆտ՝ բանկի կողմից կրեդիտի տեսքով սպառողական նպատակով բանկային, ավանդային կամ այլ հաշվի վրա տրամադրված գումար կամ այդպիսի գումարի տրամադրման խոստում, այդ թվում՝ վճարային քարտերով.
9) վարկային քարտով կրեդիտավորման պայմանագիր՝ կրեդիտավորման պայմանագիր, որով կրեդիտավորողը, անկախ բանկային, ավանդային կամ այլ հաշվի առկայությունից, մշտական հիմունքներով սպառողին տրամադրում է նախապես հաստատված սահմանաչափով վերականգնվող կամ չվերականգնվող վարկային գիծ՝ վարկային քարտի միջոցով սպառողի գնումները, այլ վճարումները, ինչպես նաև կանխիկի պահանջը ֆինանսավորելու նպատակով.
10) Ֆինանսական համակարգի հաշտարար՝ «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անձ:
(2-րդ հոդվածը լրաց. 21.12.15 ՀՕ-4-Ն, խմբ. 19.06.19 ՀՕ-93-Ն)