Հոդված 32. Հարկադիր կատարողի արձակուրդը
Հոդված 32. Հարկադիր կատարողի արձակուրդը
1. Հարկադիր կատարողին տրամադրվում է ամենամյա արձակուրդ: Ամենամյա արձակուրդի տևողությունը կազմում է 20 աշխատանքային օր: Կողմերի համաձայնությամբ ամենամյա արձակուրդը կարող է տրամադրվել մասերով, որոնցից մեկը պետք է կազմի առնվազն 10 աշխատանքային օր:
2. Կին հարկադիր կատարողին տրամադրվում է նաև հղիության և ծննդաբերության, իսկ հարկադիր կատարողին` երեխային խնամելու արձակուրդ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:
3. Ամենամյա արձակուրդից հետկանչը թույլատրվում է միայն բացառիկ դեպքերում` ծառայողական անհրաժեշտությունից ելնելով:
4. Տվյալ տարվա չօգտագործված արձակուրդի օրերը, հարկադիր կատարողի ցանկությամբ, կարող են գումարվել հաջորդ տարվա ամենամյա արձակուրդին կամ կարող են փոխարինվել լրացուցիչ դրամական փոխհատուցմամբ` Կառավարության սահմանած կարգով:
5. Ծառայության առաջին տարվա համար ամենամյա արձակուրդը տրամադրվում է ծառայության վեց ամիսը լրանալուց հետո:
6. Ամենամյա արձակուրդի ընթացքում հիվանդացած հարկադիր կատարողի արձակուրդը երկարաձգվում է հիվանդության պատճառով չօգտագործված օրերի թվով` հիմք ընդունելով առողջապահական հաստատության համապատասխան տեղեկանքը:
7. Հարկադիր կատարողներին ընտանեկան հանգամանքների բերմամբ և հարգելի այլ պատճառներով կարող է տրամադրվել մինչև 10 օր տևողությամբ կարճատև արձակուրդ, որը չի հաշվարկվում ամենամյա արձակուրդում, և որի համար չի վճարվում:
8. Հարկադիր կատարման ծառայության բարձրագույն խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողներին արձակուրդ տրամադրում է համապատասխան նախարարը, իսկ գլխավոր և առաջատար խմբի ծառայողներին` գլխավոր հարկադիր կատարողը: (նախադասությունը հանվել է 15.06.06 ՀՕ-132-Ն)
(32-րդ հոդվածը փոփ., խմբ. 16.12.05 ՀՕ-29-Ն, փոփ. 15.06.06 ՀՕ-132-Ն, 08.12.11 ՀՕ-321-Ն, 23.03.18 ՀՕ-281-Ն)