Հոդված 36. Կարգապահական տույժը կիրառելու և տույժը հանելու կարգը
Հոդված 36. Կարգապահական տույժը կիրառելու և տույժը հանելու կարգը
1. Կարգապահական տույժը նշանակվում է, եթե վեց ամսից ավելի չի անցել կարգապահական խախտումը հայտնաբերելու օրվանից` չհաշված հիվանդությունը կամ արձակուրդում գտնվելը. ընդ որում, նշանակվող տույժը պետք է համապատասխանի կատարված խախտման բնույթին և վտանգավորության աստիճանին:
2. Հարկադիր կատարողի նկատմամբ կիրառվող տույժերը ձևակերպվում են գրավոր: Կարգապահական յուրաքանչյուր խախտման համար կարող է նշանակվել մեկ կարգապահական տույժ:
3. Կարգապահական տույժի մասին հարկադիր կատարողը տեղեկացվում է դրա նշանակումից հետո` հնգօրյա ժամկետում:
4. Եթե կարգապահական տույժ նշանակելու օրվանից հետո՝ մեկ տարվա ընթացքում, հարկադիր կատարողը նոր կարգապահական տույժի չի ենթարկվել, ապա դա համարվում է մարված:
5. Կարգապահական տույժը կիրառող պաշտոնատար անձի կամ նրա վերադասի կողմից կարող է հանվել նաև նշանակումից վեց ամիս հետո` մինչև մեկ տարին լրանալը, եթե հարկադիր կատարողը թույլ չի տվել կարգապահական նոր խախտում:
Բացառիկ դեպքերում մեկից ավելի կարգապահական տույժերը կարող է հանել համապատասխան նախարարը՝ սույն օրենքի 34-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված կարգով:
6. Հարկադիր կատարողների նկատմամբ սույն օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 3-5-րդ կետերով նախատեսված կարգապահական տույժերը կարող են կիրառվել միայն ծառայողական քննության արդյունքների հիման վրա:
7. Ծառայողական քննության ժամանակահատվածում հարկադիր կատարողի լիազորությունները կարող են ժամանակավորապես դադարեցվել` վարձատրության պահպանմամբ, եթե բավարար հիմքեր կան ենթադրելու, որ պաշտոնում մնալով` նա կխոչընդոտի ծառայողական քննության անցկացմանը:
8. Հարկադիր կատարողի նկատմամբ քրեական հետապնդում իրականացվելիս լիազորությունները ժամանակավորապես դադարեցվում են մինչև քրեական հետապնդման դադարեցումը կամ մինչև տվյալ գործով դատարանի դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը: Հարկադիր կատարողի լիազորությունների ժամանակավորապես դադարեցման ժամանակահատվածում նրա աշխատավարձը պահպանվում է:
(36-րդ հոդվածը խմբ. 16.12.05 ՀՕ-29-Ն, խմբ., փոփ. 12.12.13 ՀՕ-168-Ն, փոփ. 23.03.18 ՀՕ-281-Ն, խմբ. 24.10.19 ՀՕ-202-Ն)