Անցնել բովանդակությանը

Հոդված 6

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 6

«Յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են ... նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից .... արդարացի ... դատաքննության իրավունք...»

Թիվ 7 արձանագրության 4-րդ հոդված

«1. Ոչ ոք չպետք է միևնույն պետության իրավազորության շրջանակներում երկրորդ անգամ դատվի կամ քրեական դատավարության կարգով պատժվի այն հանցագործության կապակցությամբ, որի համար նա արդեն վերջնականապես արդարացվել է կամ դատապարտվել այդ պետության օրենքին և քրեական դատավարությանը համապատասխան։

...»

35. Ինչ վերաբերում է դիմումատուի առաջին բողոքին, Կառավարությունը պնդել է, որ 7-րդ հոդվածը չի կիրառվել։ Նրանք պնդել են, որ Հայաստանի Հանրապետության դատարանների որոշումները Կրասնոդարի շրջանային դատարանի վճռի ճանաչմանը և կատարմանը վերաբերող վարույթի շրջանակում չէին կարող 7-րդ հոդվածի իմաստով դիտարկվել որպես «պատիժ»։ Հայաստանի Հանրապետության դատարանների որոշումները չեն հետևել դիմումատուի դատապարտմանը, այլ պարզապես առնչվել են Ռուսաստանի դատարանի կողմից արդեն իսկ նշանակված պատժի կատարմանը: Հայաստանում իրականացված վարույթը վերաբերել է օտարերկրյա պետության դատարանի դատավճռի շարունակական կատարմանը, այլ ոչ դիմումատուի՝ դրա կողմից նշանակված պատժի փոխարկմանը։

36. Դիմումատուն այս առնչությամբ որևէ փաստարկ չի ներկայացրել։

37. Դատարանը կրկին նշում է, որ 7-րդ հոդվածում «պատիժ» հասկացությունը Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի՝ «քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները» և «քրեական մեղադրանք» հասկացությունների նման այս շրջանակում առանձին նշանակություն ունի։ 7-րդ հոդվածի 1-ին կետի երկրորդ նախադասության մեջ նշվում է, որ պատժի առկայության ցանկացած գնահատման մեկնարկային կետն այն է, թե արդյոք տվյալ պատժամիջոցը նշանակվել է «քրեական հանցագործության կատարման համար» մեղավոր ճանաչվելուց հետո։ Մյուս գործոնները, որոնք կարող են հաշվի առնվել այս առնչությամբ, պատժամիջոցի բնույթն ու նպատակն են, ազգային օրենսդրության համաձայն՝ դրա բնութագիրը, պատժամիջոցի նշանակման և կատարման մեջ ներառված ընթացակարգերը, ինչպես նաև դրա խստությունը (տե՛ս Ուելչն ընդդեմ Միացյալ Թագավորության [Welch v. the United Kingdom], 1995 թվականի փետրվարի 9, §§ 27-28, շարք Ա, թիվ 307‑Ա. Դել Ռիո Պրադան ընդդեմ Իսպանիայի [ՄՊ] [Del Río Prada v. Spain [GC]], թիվ 42750/09, §§ 81-82)։

38. Դատարանի կայացրած նախադեպային իրավունքում տարբերակում է կատարվում ըստ էության «պատիժ» նշանակող միջոցի և «պատժի» «կատարմանը» վերաբերող միջոցի միջև. 7-րդ հոդվածը կիրառվում է միայն առաջինի նկատմամբ (տե՛ս Կաֆկարիսն ընդդեմ Կիպրոսի [ՄՊ] [ Kafkaris v. Cyprus [GC]], թիվ 21906/04, § 142, ՄԻԵԴ 2008. վերևում հիշատակված՝ Դել Ռիո Պրադայի գործը, § 83 և դրանում ընդգրկված հղումները)։ Այնուամենայնիվ, Դատարանը նաև ընդունել է այն փատը, որ «պատիժ» նշանակող միջոցի և «պատժի» «կատարմանը» վերաբերող միջոցի միջև տարբերակումը գործնականում չի կարող միշտ հստակ լինել (տե՛ս վերևում հիշատակված՝ Կաֆկարիսի գործը, § 142. Դել Ռիո Պրադայի գործը, § 85)։

39. Սույն համատեքստում Դատարանը նախկինում նշել է, որ այնպիսի գործերում, որտեղ պատասխանող կողմը Դատապարտող պետությունն է, Կոնվենցիայի 7-րդ հոդվածը կիրառելի չէ Դատապարտող պետությունում փոխանցման մասին որոշումների նկատմամբ (տե՛ս, օրինակ, Չոսանսկին ընդդեմ Շվեդիայի (որոշում) [Csoszánszki v. Sweden (dec.)], թիվ 22318/02, 2006 թվականի հունիսի 27 և Սաբոն ընդդեմ Շվեդիայի (որոշում) [Szabó v. Sweden (dec.)], թիվ 28578/03, 2006 թվականի հունիսի 27)։ Նույն կերպ, երբ դիմումատուն իր բողոքներն ուղղում է Կատարող պետության դեմ, Դատարանը նշել է, որ այն պետության իշխանությունների կողմից կայացված փոխանցման մասին որոշումները, որին փոխանցվել է դիմումատուն՝ պատիժը կրելու համար, 7-րդ հոդվածի իմաստով չեն համարվում «պատիժ» (տե՛ս Ցիոկն ընդդեմ Լեհաստանի (որոշում) [Ciok v. Poland (dec.)]), թիվ 498/10, 2012 թվականի հոկտեմբերի 23 և Մյուլերն ընդդեմ Չեխիայի Հանրապետության (որոշում) [Müller v. Czech Republic (dec.)], թիվ 48058/09, 2011 թվականի սեպտեմբերի 6):

40. Անդրադառնալով սույն գործին՝ Դատարանը նկատում է, որ դիմումատուն Ռուսաստանում դատվել և դատապարտվել է ընդհանուր առմամբ քսան տարի և չորս ամիս ժամկետով ազատազրկման (տե՛ս վերևում 4-րդ պարբերությունը)։ Հայաստանի Հանրապետության դատարանները միայն վավերացրել են Ռուսաստանի Դաշնության կողմից կայացված դատավճիռը և որոշել են, որ պատժի կրումը կարող է կատարվել Հայաստանում։ Այսինքն՝ Ստրասբուրգի կոնվենցիայի 10-րդ հոդվածով սահմանված՝ շարունակական կատարման կարգին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության դատարանները, պարտավորված լինելով Դատապարտող պետության դատարանի կողմից որոշված պատժի իրավական բնույթով և տևողությամբ, դիմումատուի պատիժը համապատասխանեցրել են նույն հանցանքների համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պատժին։ Մասնավորապես Ռուսաստանի Դաշնության դատարանի կողմից դիմումատուի նկատմամբ նշանակված պատիժը ո՛չ փոփոխվել է, ո՛չ էլ խստացվել է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված համապատասխան հանցանքների քրեաիրավական որակավորման արդյունքում։ Պատիժն ինքնին մնացել է նույնը, այն է՝ ազատազրկում՝ սահմանված ժամկետով։ Ավելին, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պատժի նշանակման կանոնների կիրառման արդյունքում դիմումատուի պատիժը կրճատվել է չորս ամսով (տե՛ս վերևում 17-րդ պարբերությունը)։

41. Դատարանն իր նախադեպային իրավունքի լույսի ներքո եզրակացնում է, որ Ռուսաստանի Դաշնության դատարանի վճռի ճանաչմանը և կատարմանը վերաբերող՝ Հայաստանի Հանրապետության դատարանների որոշումները վերաբերել են Ռուսաստանում դիմումատուի նկատմամբ նշանակված պատժի կատարմանը և հետևաբար չէին կարող Կոնվենցիայի 7-րդ հոդվածի իմաստով դիտարկվել որպես «պատիժ»։ Հետևաբար 7-րդ հոդվածը սույն գործում կիրառելի չէ։

42. Ինչ վերաբերում է դիմումատուի՝ Կոնվենցիայի 6-րդ հոդվածով ներկայացված բողոքին առ այն, որ Վերաքննիչ քրեական դատարանը բեկանել է Վարչական շրջանի դատարանի 2010 թվական մայիսի 21-ի որոշումն այն հիմքով, որ դատախազությունը բողոքը ներկայացրել է ներպետական օրենսդրությամբ սահմանված ժամկետների խախտմամբ, Դատարանը կրկին նշում է, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածը չի կիրառվում պատժի կատարմանն առնչվող վարույթի նկատմամբ (տե՛ս Մոնկորնե դե Կոմոնն ընդդեմ Ֆրանսիայի (որոշում) [Montcornet de Caumont v. France (dec.)], թիվ 59290/00, 2003 թվականի մայիսի 13)։ Դատարանն այս դիրքորոշումը հաստատել է նաև փոխանցման գործերով վարույթների համատեքստում (տե՛ս վերևում հիշատակված՝ Սաբոյի գործը)։ Հաշվի առնելով իր՝ Հայաստանի Հանրապետության դատարաններում՝ Ռուսաստանի Դաշնության դատարանի կողմից դիմումատուի նկատմամբ նշանակված պատժի ճանաչմանը և կատարմանն առնչվող վարույթի նկատմամբ 7-րդ հոդվածի կիրառելիության հետ կապված վերոնշյալ եզրահանգումը՝ Դատարանը եզրակացնում է, որ այդ վարույթը գտնվում է 6-րդ հոդվածի քրեական հայեցակետից դուրս։

43. Ի վերջո, դիմումատուն Թիվ 7 արձանագրության 4-րդ հոդվածով բողոք է ներկայացրել առ այն, որ իր գործում խախտվել է ne bis in idem սկզբունքն այն հիմքով, որ Վերաքննիչ դատարանը բեկանել է Վարչական շրջանի 2010 թվականի մայիսի 21-ի որոշումը, որն արդեն վերջնական էր դարձել։ Դատարանը նշում է, որ Թիվ 7 արձանագրության 4-րդ հոդվածի նպատակն է արգելել վերջնական որոշմամբ ավարտված քրեական վարույթի կրկնությունը (տե՛ս, ի թիվս այլ վճիռների, Գրադինգերն ընդդեմ Ավստրիայի [Gradinger v. Austria], 1995 թվականի հոկտեմբերի 23, շարք Ա, թիվ 328-Գ)։ Դատարանը նաև նշում է, որ դատաքննության կամ պատժի կրկնվող մասն առանցքային նշանակություն ունի Թիվ 7 արձանագրության 4-րդ հոդվածով կարգավորվող իրավական խնդրի համար (տե՛ս Նիկիտինն ընդդեմ Ռուսաստանի [Nikitin v. Russia], թիվ 50178/99, § 35, ՄԻԵԴ 2004-VIII)։ Հաշվի առնելով իր վերոնշյալ եզրահանգումն այն մասին, որ Հայաստանի Հանրապետության դատարաններում իրականացված վարույթը չի ներառել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի իմաստով դիմումատուի նկատմամբ «քրեական մեղադրանքի» որոշում, Դատարանը հետևաբար գտնում է, որ Թիվ 7 արձանագրության 4-րդ հոդվածը կիրառելի չէ գործի նկատմամբ (տե՛ս, mutatis mutandis, Սերաժինն ընդդեմ Խորվաթիայի (որոշում) [Seražin v. Croatia] (dec.), թիվ 19120/15, § 91, 2018 թվականի հոկտեմբերի 9)։

44. Հետևաբար սույն գործով բերված բողոքները ratione materiae (առարկայական իրավազորության առումով) անհամատեղելի են Կոնվենցիայի դրույթների հետ՝ Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ կետի «ա» ենթակետի իմաստով, և պետք է մերժվեն՝ 35-րդ հոդվածի 4-րդ կետին համապատասխան։

Այս հիմնավորմամբ Դատարանը միաձայն՝

Հայտարարում է գանգատն անընդունելի:

Կատարված է անգլերենով և գրավոր ծանուցվել է 2021 թվականի մայիսի 20-ին։

Իլզե Ֆրայվիրտ

Յոլիեն Շուկինգ

Բաժանմունքի քարտուղարի տեղակալ

Նախագահ

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։