Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2018-04-09-ից մինչև 2020-02-22։Բացել գործող տեքստը
Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 2. Հատուկ քննչական ծառայությունը

գործել է մինչև 2020-02-22Բացել ARLIS-ում

Հոդված 2. Հատուկ քննչական ծառայությունը

1. Հատուկ քննչական ծառայությունը կազմակերպում և իրականացնում է Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված` օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների, պետական ծառայություն իրականացնող անձանց իրենց պաշտոնեական դիրքի կապակցությամբ հանցակցությամբ կամ նրանց կատարած հանցագործությունների, ինչպես նաև ընտրական գործընթացների հետ կապված քրեական գործերով նախաքննություն:

Անհրաժեշտության դեպքում Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը կարող է քննչական այլ մարմինների քննիչների վարույթից վերցնել և հատուկ քննչական ծառայության քննիչների վարույթին հանձնել քրեական գործեր, որոնք առնչվում են սույն մասում թվարկված պաշտոնատար անձանց հանցակցությամբ կամ նրանց կատարած հանցագործություններին, կամ որոնցով այդ անձինք ճանաչված են որպես տուժող, ինչպես նաև ցանկացած այլ քրեական գործ, եթե դրա փաստական հանգամանքներով պայմանավորված` առկա է բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտություն:

2. Հատուկ քննչական ծառայությունում ծառայությունը պետական ծառայության տեսակ է, որի առանձնահատկությունները սահմանվում են սույն օրենքով:

Հատուկ քննչական ծառայությունում ծառայող անձը պետական ծառայող է:

3. Հատուկ քննչական ծառայությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով և այլ օրենքներով սահմանված` օրինականության, մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, պատիվը և արժանապատվությունը հարգելու, մարդասիրության ու հրապարակայնության սկզբունքների պահպանմամբ:

4. Հատուկ քննչական ծառայության կողմից իրականացվող նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնում են Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը և նրա լիազորած դատախազները:

5. Հատուկ քննչական ծառայությունը ղեկավարում է ծառայության պետը:

5.1. Հատուկ քննչական ծառայությունում վարվում է հատուկ քննչական ծառայության գործունեության վերաբերյալ վիճակագրություն, որի հիման վրա յուրաքանչյուր կիսամյակ կազմվում են վիճակագրական հաշվետվություններ:

Վիճակագրության վարման համար պարտադիր վիճակագրական դասակարգիչները, վիճակագրական տվյալների (տեղեկությունների) ցանկը և վիճակագրական հաշվետվությունների բովանդակության նկարագրությունը սահմանում է Կառավարությունը:

6. Հատուկ քննչական ծառայությունը հրապարակում է տեղեկատվություն իր գործունեության մասին: Հատուկ քննչական ծառայության պետը յուրաքանչյուր տարի` մինչև հունվարի 31-ը, Կառավարություն է ներկայացնում գրավոր հաղորդում` հատուկ քննչական ծառայության նախորդ տարվա գործունեության մասին:

7. Հատուկ քննչական ծառայության նստավայրը Երևան քաղաքն է:

(2-րդ հոդվածը լրաց., փոփ. 19.05.14 ՀՕ-31-Ն, փոփ., լրաց. 23.03.18 ՀՕ-312-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։