Հոդված 21
Հոդված 21.
Օրենքի 28-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«Հոդված 28. Կուսակցությունների տարեկան հաշվետվությունների աուդիտը
1. Այն կուսակցությունների տարեկան հաշվետվությունները, որոնց՝ սույն օրենքի 27-րդ հոդվածի 8-րդ մասով սահմանված մուտքերը կամ ելքերը հաշվետու տարվա ընթացքում գերազանցել են օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի քսանհինգհազարապատիկը, ենթակա են պարտադիր աուդիտի։
2. Սույն օրենքով սահմանված կարգով պետական բյուջեից պետական ֆինանսավորում ստացած կուսակցությունների տարեկան հաշվետվությունները ենթակա են պարտադիր աուդիտի՝ անկախ հաշվետու տարում սույն օրենքի 27-րդ հոդվածի 8-րդ մասով սահմանված մուտքերի կամ ելքերի չափից։
3. Սույն հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով սահմանված դեպքերում սույն օրենքի 27-րդ հոդվածի 8-րդ մասով սահմանված մուտքերի կամ ելքերի չափը հաշվարկելիս դրանում չի ներառվում սույն օրենքի 27-րդ հոդվածի 8-րդ մասի 1-ին կետի «ե» ենթակետով սահմանված՝ կուսակցության հիմնադրած զանգվածային լրատվության միջոցների և հրատարակչությունների՝ հաշվետու տարվա գործունեությամբ ստացված ընդհանուր շահույթը։ Հաշվարկման ենթակա են միայն կուսակցության հիմնադրած զանգվածային լրատվության միջոցների և հրատարակչությունների՝ հաշվետու տարում կուսակցությանը փոխանցած միջոցները։
4. Սույն հոդվածով նախատեսված պարտադիր աուդիտը ֆինանսավորվում է պետական բյուջեի միջոցներից, և իրականացնում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը՝ բաց մրցույթով ընտրված աուդիտորական կազմակերպությունների կողմից։ Պարտադիր աուդիտի ենթակա և պետական ֆինանսավորում ստացող կուսակցությունների աուդիտի ֆինանսավորման գումարը նվազեցվում է կուսակցությանը կամ կուսակցությունների դաշինքում ընդգրկված կուսակցությանը հատկացվող պետական ընդհանուր ֆինանսավորման գումարից։
5. Կուսակցությունները հաշվետու տարվան հաջորդող տարվա հունվարին աուդիտի կազմակերպման նպատակով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի պահանջի հիման վրա հնգօրյա ժամկետում տրամադրում են աուդիտորական կազմակերպությունների ընտրության նպատակով հայտարարվող մրցույթի անցկացման համար անհրաժեշտ տեղեկություններ։»։
(18-րդ հոդվածը լրաց. 07.05.21 ՀՕ-210-Ն)