Հոդված 22. Տարեկան եկամուտների մասին հաշվարկի ներկայացման կարգը և ժամկետները
Հոդված 22. Տարեկան եկամուտների մասին հաշվարկի ներկայացման կարգը և ժամկետները
1. Հարկ վճարող ֆիզիկական անձինք պարտավոր են հարկային տարվա համար մինչև տվյալ տարվան հաջորդող տարվա ապրիլի 15-ը ներառյալ բացառապես էլեկտրոնային եղանակով հարկային մարմին ներկայացնել տարեկան եկամուտների մասին հաշվարկ, իսկ ամբողջ հաշվետու տարվա ընթացքում օրենքով սահմանված կարգով ավելացված արժեքի հարկ վճարող չհամարված հարկ վճարողները` տարեկան եկամուտների մասին պարզեցված հաշվարկ (այսուհետ նաև` տարեկան եկամուտների մասին հաշվարկ), բացառությամբ սույն հոդվածի 2-րդ կետով սահմանված դեպքերի:
2. Տարեկան եկամուտների մասին հաշվարկի ներկայացումը պարտադիր չէ այն ֆիզիկական անձանց համար, որոնց կողմից հաշվետու տարվա ընթացքում ստացվել կամ ստացման ենթակա են եղել`
1) բացառապես սույն օրենքի 6-8-րդ հոդվածներով սահմանված եկամուտներ կամ
2) բացառապես այնպիսի եկամուտներ, որոնցից եկամտային հարկը հաշվարկելու, պահելու (գանձելու) և բյուջե վճարելու պարտավորությունը դրված է հարկային գործակալի վրա, բացառությամբ սույն օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասի նախավերջին պարբերությունում նշված դեպքերում,
3) (կետն ուժը կորցրել է 24.11.15 ՀՕ-158-Ն)
3. Սույն հոդվածով սահմանված կարգով տարեկան եկամուտների մասին հաշվարկ ներկայացնելու դեպքում ֆիզիկական անձինք տարեկան եկամուտների մասին հաշվարկում չեն ներառում սույն օրենքի 6-8-րդ հոդվածներով սահմանված նվազեցվող եկամուտները:
4. Անչափահաս անձանց եկամուտները հայտարարագրում են նրանց ծնողները (խնամակալները):
5. Մինչև հարկային տարին ավարտվելը հարկ վճարողի կողմից գործունեությունը (եկամտի աղբյուրի) դադարեցնելու դեպքում ֆիզիկական անձը պարտավոր է տարեկան եկամուտների մասին հաշվարկը ներկայացնել գործունեությունը (եկամտի աղբյուրի) դադարեցնելուց հետո մինչև սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետը:
6. Տարեկան եկամուտների մասին հաշվարկ չներկայացնելը հարկ վճարողին չի ազատում սույն օրենքին և Հայաստանի Հանրապետության օրենսդրական այլ ակտերին համապատասխան հարկային պարտավորությունները կատարելուց:
7. Հաշվետու ժամանակաշրջանի համար տարեկան եկամուտների մասին հաշվարկը ներկայացնելուց հետո հարկ վճարողներն իրավունք ունեն ճշգրտումներ մտցնելու դրանցում արտացոլված տվյալներում` տվյալ հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող երեք օրացուցային տարվա ընթացքում:
(22-րդ հոդվածը լրաց., խմբ., փոփ.12.11.12 ՀՕ-208-Ն, լրաց., փոփ. 24.11.15 ՀՕ-158-Ն)