Հոդված 8. Գյուղատնտեսական արտադրանքից ստացված եկամուտների հաշվառումը հարկվող օբյեկտում
Հոդված 8. Գյուղատնտեսական արտադրանքից ստացված եկամուտների հաշվառումը հարկվող օբյեկտում
(վերնագիրը փոփ. 12.11.12 ՀՕ-208-Ն)
1. Հարկվող օբյեկտի որոշման ժամանակ գյուղատնտեսական արտադրությամբ զբաղված հարկ վճարողի համախառն եկամուտը սույն հոդվածով սահմանված կարգով նվազեցվում է գյուղատնտեսական արտադրանքի իրացումից ստացված եկամտի չափով, ինչպես նաև այլ գործունեությունից ստացված եկամտի չափով, եթե վերջինիս տեսակարար կշիռը գյուղատնտեսական և այլ գործունեությունից ստացված եկամուտների հանրագումարում չի գերազանցում տասը տոկոսը: Այլ գործունեությունից ստացված եկամուտների տեսակարար կշիռը գյուղատնտեսական և այլ գործունեությունից ստացված եկամուտների հանրագումարում տասը տոկոսը գերազանցելու դեպքում այլ եկամուտների ամբողջ գումարի չափով համախառն եկամտից սույն մասով սահմանված նվազեցում չի կատարվում:
2. Սույն հոդվածի իմաստով գյուղատնտեսական արտադրանք են համարվում կենդանիների կամ բույսերի կենսաբանական վերափոխման միջոցով վերջնական կամ միջանկյալ սպառման համար ստացվող`
1) հացահատիկային և հացահատիկաոլոռային մշակաբույսերը.
2) տեխնիկական մշակաբույսերը.
3) պալարապտղային, բանջարաբոստանային մշակաբույսերը և փակ գրունտի արտադրանքը.
4) դաշտային մշակման կերային մշակաբույսերը.
5) կերարտադրության այլ արտադրանքը.
6) պարտեզների, խաղողի այգիների, բազմամյա տնկիների և ծաղկաբուծության արտադրանքը.
7) ծառերի և թփերի սերմերը, պտուղներում եղած սերմերը.
8) ծառերի և թփերի սածիլները.
9) ծառերի և թփերի տնկիները.
10) անասնաբուծության արտադրանքը.
11) խոզաբուծության արտադրանքը.
12) ոչխարաբուծության և այծաբուծության արտադրանքը.
13) թռչնաբուծության արտադրանքը.
14) ձիաբուծության, էշաբուծության և ջորիաբուծության արտադրանքը.
15) եղջերաբուծության և ուղտաբուծության արտադրանքը.
16) ճագարաբուծության, մորթատու գազանաբուծության և որսորդական տնտեսության արտադրանքը.
17) ձկնաբուծության, մեղվաբուծության, շերամաբուծության, արհեստական սերմնավորման արտադրանքը:
3. Գյուղատնտեսական արտադրանքի գծով ստացված եկամտի ճշգրիտ հաշվարկման անհնարինության դեպքում այն հաշվարկվում է` հիմնվելով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված կադաստրային զուտ եկամտային տվյալների վրա:
(8-րդ հոդվածը փոփ. 12.11.12 ՀՕ-208-Ն)