Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2018-01-01-ից մինչև 2018-01-01։Բացել գործող տեքստը
Գլուխ 7 · ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 25. Սույն օրենքի խախտման համար ֆիզիկական անձանց և հարկային գործակալների պատասխանատվությունը

գործել է մինչև 2018-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 25. Սույն օրենքի խախտման համար ֆիզիկական անձանց և հարկային գործակալների պատասխանատվությունը

1. Սույն օրենքի խախտման համար հարկ վճարողները և հարկային գործակալները պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

2. Սույն օրենքի դրույթների համաձայն` եկամտային հարկը աղբյուրի մոտ չպահելու (չգանձելու) դեպքում հարկային պարտավորությունը (այդ թվում` եկամտային հարկը սահմանված ժամկետներում բյուջե չվճարելու համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված տույժերը) կրում է հարկային գործակալը:

3. Հարկային գործակալի կողմից, սույն օրենքի դրույթների համաձայն, ֆիզիկական անձանց հաշվարկված եկամուտներից ժամանակին չպահված (կամ պակաս պահված) հարկի գումարները ֆիզիկական անձանցից, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, կարող են պահվել ոչ ավելի, քան վերջին երեք ամսվա համար, իսկ հարկերի սահմանված չափից ավելի պահված (գանձված) գումարները հաշվանցվում են առաջիկա պահումների հաշվին կամ վերադարձվում են այդ մասին հայտնի դառնալու օրվանից հետո` մեկ ամսվա ընթացքում` սահմանված չափից ավելի գանձման օրվան հաջորդող երեք օրացուցային տարվա համար:

4. Հարկային մարմին ներկայացված եկամտային հարկի հաշվարկում սույն օրենքով սահմանված կարգով հաշվարկված վնասն ավել ցույց տալու դեպքում անհատ ձեռնարկատիրոջից գանձվում է տուգանք` ավել ցույց տրված վնասի 26 տոկոսի չափով:

5. Աշխատողի աշխատանքի ընդունումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձևակերպելու (այսինքն` աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի և (կամ) գրավոր պայմանագրի բացակայության) փաստը լիազոր մարմնի կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով արձանագրվելու դեպքում գործատուն (այդ թվում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով չգրանցված և արտոնագրային վճար վճարող չհանդիսացող) տվյալ (արձանագրման) ամսում յուրաքանչյուր չձևակերպված վարձու աշխատողի համար հաշվարկում և վճարում է եկամտային հարկ`

ա. 60.000 դրամի չափով, եթե չձևակերպված վարձու աշխատողների քանակը մեկից երեք է,

բ. 150.000 դրամի չափով, եթե չձևակերպված վարձու աշխատողների քանակը չորսից վեց է,

գ. 300.000 դրամի չափով, եթե չձևակերպված վարձու աշխատողների քանակը յոթից ինն է,

դ. 600.000 դրամի չափով, եթե չձևակերպված վարձու աշխատողների քանակը գերազանցում է ինը:

6. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից գործատուն իր միջոցների հաշվին կրում է վարձու աշխատողներին սույն օրենքն ուժի մեջ մտնելու տարվա յուրաքանչյուր ամսվա համար հաշվարկված աշխատավարձից պահված և վճարված եկամտային հարկի ամբողջ գումարի չափով լրացուցիչ պարտավորություն, եթե սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո վարձու աշխատողից եկամտային հարկի պահումը հանգեցրել է մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը տվյալ վարձու աշխատողին հարկումից հետո վճարման ենթակա աշխատավարձի հիման վրա Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով որոշվող մեծության նվազման:

Սույն մասով սահմանված պատասխանատվության միջոցը չի կիրառվում այն դեպքերում, երբ տվյալ հաստիքային միավորի համար վարձու աշխատողը փոխարինվել է տվյալ գործատուի մոտ չաշխատող այլ վարձու աշխատողով, կամ եթե գործատուն օրենսդրության կամ միջազգային իրավական ակտերի համաձայն, մինչև 2013 թվականի հունվարի 1-ը ազատված է եղել իր հաշվին պարտադիր սոցիալական ապահովության վճարներ հաշվարկելու և վճարելու պարտավորությունից:

(25-րդ հոդվածը խմբ. 12.11.12 ՀՕ-208-Ն, լրաց. 10.06.13 ՀՕ-66-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։