Հոդված 9. Ոչ ռեզիդենտի ստացման ենթակա եկամուտների հաշվառումը հարկվող օբյեկտում
Հոդված 9. Ոչ ռեզիդենտի ստացման ենթակա եկամուտների հաշվառումը հարկվող օբյեկտում
1. Ոչ ռեզիդենտի հարկվող օբյեկտը որոշելիս համախառն եկամտից նվազեցվում են սույն օրենքի 6-8-րդ հոդվածներով սահմանված եկամուտները, իսկ ոչ ռեզիդենտի` հայաստանյան աղբյուրներից ստացված եկամուտները, կապված արտաքին տնտեսական գործունեության հետ, չեն ներառվում ոչ ռեզիդենտի համախառն եկամտում:
2. Սույն օրենքի կիրառման նպատակով արտաքին տնտեսական գործունեություն է համարվում բացառապես ոչ ռեզիդենտի անունից իրականացված, նրան պատկանող ապրանքները Հայաստան ներկրելու հետ կապված (ապրանքների մաքսային փաստաթղթերի առկայության և տվյալ գործառնությունում միջնորդների բացակայության դեպքում) գործունեությունը, որի դեպքում ռեզիդենտն ապրանքների սեփականատեր է դառնում մինչև Հայաստանի Հանրապետության պետական սահմանը հատելը:
3. Հայաստանի Հանրապետությունում ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց կողմից հայաստանյան աղբյուրներից ստացման ենթակա (պասիվ եկամուտների, ինչպես նաև անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց մասով` քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում ստացված) եկամուտների հարկումը կատարվում է սույն օրենքով սահմանված ընդհանուր կարգով: Սույն օրենքի իմաստով հայաստանյան աղբյուրներից ստացման ենթակա կամ ստացված եկամուտներ են համարվում`
1) Հայաստանի Հանրապետությունում աշխատանքի վարձատրությունը և դրան հավասարեցված այլ վճարումներ.
2) Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիաիրավական պայմանագրերի կատարումից ստացված եկամուտները.
3) Հայաստանի Հանրապետության տարածքում ոչ ռեզիդենտի իրականացրած ձեռնարկատիրական գործունեությունից (արտադրանքի, ապրանքների իրացումից և ծառայությունների մատուցումից) ստացման ենթակա եկամուտները.
4) ստացված պասիվ եկամուտները և ցանկացած այլ հիմքով հայաստանյան աղբյուրներից ստացված եկամուտները:
4. Պասիվ եկամուտներ են համարվում ոչ ռեզիդենտի կողմից իր գույքի կամ այլ ակտիվների ներդրմամբ (տրամադրմամբ) Հայաստանի Հանրապետության տարածքում բացառապես այլ անձանց գործունեությունից ստացված եկամուտները, մասնավորապես`
1) շահաբաժինները.
2) տոկոսները.
3) ռոյալթիները.
4) Հայաստանում գտնվող գույքը վարձակալության տալուց ստացված եկամուտը.
5) Հայաստանի Հանրապետությունում գտնվող գույքի և այլ ակտիվների օտարումից ստացված գույքի արժեքի և այլ ակտիվների հավելաճը.
6) փոխադրման ծառայությունների (ֆրախտի) դիմաց ստացված եկամուտները:
(9-րդ հոդվածը խմբ., փոփ. 12.11.12 ՀՕ-208-Ն)