Հոդված 10. Օրենսգրքի 296-րդ հոդվածում`
Հոդված 10. Օրենսգրքի 296-րդ հոդվածում`
1) 1-ին մասի դիսպոզիցիան շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Անտառային ֆոնդի տարածքներում, ինչպես նաև անտառային ֆոնդի մեջ չմտնող տարածքներում կամ հատումներն արգելված ծառերը, թփերը հատելը կամ ոչնչացնելը, պետական կամ մասնավոր սեփականություն համարվող բուսածածկը ոչնչացնելը կամ մինչև աճի դադարեցման աստիճանի վնասելը, եթե այդ գործողությունները զգալի վնաս են պատճառել`»:
2) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Նույն արարքները, որոնք կատարվել են`
1) պաշտոնեական դիրքն օգտագործելով,
2) բնության հատուկ պահպանվող տարածքներում,
3) խոշոր վնաս պատճառելով,
4) Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված ծառատեսակների կամ բուսածածկի նկատմամբ,
5) կրկին անգամ`
պատժվում են տուգանքով` նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ուղղիչ աշխատանքներով` մեկից երկու տարի ժամկետով, կամ կալանքով` առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:».
3) ավելացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ և 4-րդ մասեր.
«3. Նույն արարքները, որոնք առաջացրել են առանձնապես խոշոր վնաս`
պատժվում են կալանքով` առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը հինգ տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը հինգ տարի ժամկետով կամ առանց դրա:
4. Սույն հոդվածում զգալի վնաս է համարվում հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից երկուհարյուրապատիկը չգերազանցող գումարը (արժեքը), խոշոր վնաս է համարվում երկուհարյուրապատիկից հազարապատիկը չգերազանցող գումարը (արժեքը), առանձնապես խոշոր վնաս է համարվում հազարապատիկը գերազանցող գումարը (արժեքը):»: