Հոդված 3. Օրենքի 31-րդ հոդվածում՝
Հոդված 3. Օրենքի 31-րդ հոդվածում՝
1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Համայնքի բյուջեի նախագիծը կազմվում է՝ հիմք ընդունելով համայնքի միջնաժամկետ ծախսերի ծրագիրը՝ տվյալ բյուջետային տարվա հիմնախնդիրների լուծման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների պլանավորման հիման վրա:».
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-1.8-րդ մասերով.
«1.1. Համայնքի բյուջեի նախագծի մշակման գործընթացը բաղկացած է երկու փուլից`
1) առաջիկա տարվա համայնքի բյուջեի նախագծի մշակման համար պատշաճ ծրագրային հիմքեր ստեղծելու նպատակով առաջիկա երեք տարվա` համայնքի միջնաժամկետ ծախսերի ծրագրի մշակում.
2) առաջիկա տարվա համայնքի բյուջեի նախագծի մշակում:
1.2. Առաջիկա երեք տարվա` համայնքի միջնաժամկետ ծախսերի ծրագրի մշակման նպատակն է հնարավորություն ստեղծել համայնքի համար միջնաժամկետ հատվածում կառավարելու համայնքի ֆինանսական ռեսուրսները: Միջնաժամկետ ծախսերի ծրագիրը հիմք է ծառայում համայնքի բյուջեի նախագծի մշակման աշխատանքների համար:
1.3. Համայնքի միջնաժամկետ ծախսերի ծրագրի մշակումն իրականացվում է սույն օրենքով, մեթոդական ցուցումներով և համայնքի ավագանու որոշմամբ սահմանված ժամկետներում:
1.4. Առաջիկա տարվա բյուջետային գործընթացն սկսելու մասին Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ սահմանված ժամկետներում պետական լիազորված մարմինը իրավական հսկողության բարձրագույն մարմնի միջոցով տեղական ինքնակառավարման մարմիններին տրամադրում է վերջիններիս համար պարտադիր բնույթ կրող՝ համայնքի միջնաժամկետ ծախսերի ծրագրի նախագիծը կազմելու մեթոդական ցուցումները: Միջնաժամկետ ծախսերի ծրագրի նախագիծը կազմելու մեթոդական ցուցումներում ներկայացվում են համայնքների կողմից մշակվող միջնաժամկետ ծրագրերի նախագծերին ներկայացվող ընդհանուր պահանջները և այդ նախագծերը ներկայացնելու կարգը:
1.5. Բյուջետային հիմնարկները կազմում և համայնքի ղեկավարին են ներկայացնում իրենց միջնաժամկետ ծախսերի ծրագրերը` համայնքի ավագանու որոշմամբ սահմանված ժամկետում:
1.6. Բյուջետային հիմնարկի միջնաժամկետ ծախսերի ծրագիրն ստորագրում է բյուջետային հիմնարկի ղեկավարը:
1.7. Իր պարտականությունները կատարելու համար համայնքի ղեկավարը իրավասու է բյուջետային հիմնարկներից պահանջելու և ստանալու անհրաժեշտ տեղեկություններ:
1.8. Համայնքի ղեկավարը համայնքի միջնաժամկետ ծախսերի ծրագրի նախագիծը ամփոփում, կազմում և կառավարության հաստատած պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի հրապարակումից հետո՝ մեկամսյա ժամկետում, ներկայացնում է համայնքի ավագանու հաստատմանը։ Հաստատումից հետո՝ եռօրյա ժամկետում, այն հրապարակվում է համայնքի պաշտոնական կայքէջում և ներկայացվում է համապատասխան մարզպետին։».
3) 7-րդ մասի «բ» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«բ) համայնքի ղեկավարի զեկույցը բյուջետային տարվա համայնքի զարգացման հիմնական ուղղությունների, ինչպես նաև համայնքի բյուջեի հիմքում դրված՝ համայնքի միջնաժամկետ ծախսերի ծրագրի մասին.»։