Հոդված 12. Օրենքի 50-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
Հոդված 12. Օրենքի 50-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 50. Դիվանագիտական անձնագրի տրամադրման, մերժման և անվավեր ճանաչելու կարգը
1. Դիվանագիտական անձնագիրը տրամադրում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի հիման վրա՝ առավելագույնը հինգ տարի վավերականության ժամկետով, բայց ոչ ավելի, քան «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետները:
2. Դիվանագիտական անձնագրի տրամադրումը մերժվում է, եթե՝
1) դիմումատուն ներկայացրել է ակնհայտ կեղծ փաստաթղթեր.
2) դիմումատուն չի ներկայացրել օրենսդրությամբ նախատեսված պահանջներին համապատասխան կազմված փաստաթղթեր.
3) դիմումատուի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում, բացառությամբ քրեական գործով վարույթն իրականացնող մարմնի համաձայնությամբ անձին դիվանագիտական անձնագրի տրամադրման դեպքի:
3. Պաշտոնավարության ավարտից հետո՝ տասնօրյա ժամկետում, համապատասխան պաշտոնատար անձինք իրենց դիվանագիտական անձնագրերը հանձնում են Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն:
Օտարերկրյա պետությունում դիվանագիտական ծառայության ավարտից հետո Հայաստանի Հանրապետություն վերադառնալուց հետո՝ հնգօրյա ժամկետում, վերադարձած դիվանագետների ընտանիքի անդամներն իրենց դիվանագիտական անձնագրերն ի պահ են հանձնում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն:
4. Սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված պահանջներին համապատասխան` չհանձնված, ինչպես նաև կորած, կեղծված կամ օրենքի պահանջների խախտմամբ ձեռք բերված դիվանագիտական անձնագրերը Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը ճանաչում է անվավեր:
5. Դիվանագիտական անձնագիրը տրամադրելու, հաշվառելու, տրամադրումը մերժելու, հետ վերցնելու և անվավեր ճանաչելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարը:»: