Հոդված 190. Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելը (լեգալացնելը)
Հոդված 190. Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելը (լեգալացնելը)
1. Ակնհայտ հանցավոր ճանապարհով ձեռք բերված դրամական միջոցների կամ այլ գույքի հետ ֆինանսական կամ այլ գործարքներ կատարելը, տվյալ նյութական արժեքները ձեռնարկատիրական կամ այլ տնտեսական գործունեություն իրականացնելու համար օգտագործելը, որը նպատակ է ունեցել թաքցնել կամ խեղաթյուրել նշված նյութական արժեքների կամ դրանց առնչվող իրավունքների բնույթը, ծագման աղբյուրները, գտնվելու վայրը, տեղաբաշխումը, շարժը կամ իրական պատկանելությունը՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը չորս տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա և տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի առավելագույնը հարյուրապատիկի չափով կամ առանց դրա:
2. Նույն արարքը, որը կատարվել է՝
1) խոշոր չափերով,
2) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ`
պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:
3. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է՝
1) առանձնապես խոշոր չափերով,
2) կազմակերպված խմբի կողմից,
3) պաշտոնեական դիրքն օգտագործելով՝
պատժվում է ազատազրկմամբ՝ վեցից տասներկու տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:
4. Սույն հոդվածում խոշոր չափ է համարվում հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը գերազանցող գումարը (արժեքը), իսկ առանձնապես խոշոր չափ՝ հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհազարապատիկը գերազանցող գումարը (արժեքը):
(190-րդ հոդվածը փոփ., լրաց. 14.12.04 ՀՕ-16-Ն)