Հոդված 132. Շահագործման նպատակով մարդուն հավաքագրելը, փոխադրելը, հանձնելը, թաքցնելը կամ ստանալը
Հոդված 132. Շահագործման նպատակով մարդուն հավաքագրելը, փոխադրելը, հանձնելը, թաքցնելը կամ ստանալը
1. Շահագործման նպատակով մարդուն հավաքագրելը, փոխադրելը, հանձնելը, թաքցնելը կամ ստանալը` կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով կամ դրա գործադրմամբ կամ հարկադրանքի այլ ձևերով, առևանգման, խարդախության, վիճակի խոցելիությունը օգտագործելու կամ նրան վերահսկող անձի համաձայնությունը ստանալու համար` վճարումներ կամ բարիքներ տալու կամ ստանալու միջոցով`
պատժվում է ազատազրկմամբ` երեքից վեց տարի ժամկետով:
2. Շահագործման նպատակով մարդուն հավաքագրելը, փոխադրելը, հանձնելը, թաքցնելը կամ ստանալը, որը կատարվել է`
1) տասնութ տարին չլրացած անձի նկատմամբ,
2) հոգեկան խանգարման հետևանքով իր արարքի բնույթն ու նշանակությունը ամբողջությամբ կամ մասամբ գիտակցելու կամ դա ղեկավարելու հնարավորությունից զրկված անձի նկատմամբ`
պատժվում է ազատազրկմամբ` յոթից տասը տարի ժամկետով:
3. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է`
1) երկու կամ ավելի անձանց նկատմամբ,
2) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,
3) պաշտոնեական դիրքն օգտագործելով,
4) կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով կամ դրա գործադրմամբ`
պատժվում է ազատազրկմամբ` յոթից տասը տարի ժամկետով:
4. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է`
1) կազմակերպված խմբի կողմից,
2) անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահ կամ այլ ծանր հետևանքներ`
պատժվում է ազատազրկմամբ` տասից տասնհինգ տարի ժամկետով:
5. Սույն հոդվածում մարդու շահագործում են համարվում այլ անձի պոռնկության ներգրավելը կամ սեռական շահագործման այլ ձևերը, հարկադիր աշխատանքը կամ ծառայությունները, ստրկությունը կամ ստրկությանը նմանվող վիճակը, մարդու մարմնի մասերը կամ հյուսվածքները վերցնելը:
(132-րդ հոդվածը խմբ., լրաց. 09.06.04 ՀՕ-97-Ն, խմբ. 01.06.06 ՀՕ-103-Ն, փոփ. 01.06.06 ՀՕ-119-Ն)