Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» 2016 թվականի մայիսի 25-ի ՀՕ-54-Ն սահմանադրական օրենքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 8-րդ հոդվածի 11.1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» 2016 թվականի մայիսի 25-ի ՀՕ-54-Ն սահմանադրական օրենքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 8-րդ հոդվածի 11.1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«11.1. Ազգային ժողովի ընտրությունների, ինչպես նաև համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքների ավագանիների ընտրությունների ժամանակ կառավարության սահմանած կարգով անցկացված մրցույթի արդյունքում ընտրված մասնագիտացված կազմակերպությունն իրականացնում է ընտրական տեղամասերից քվեարկության ընթացքի և քվեարկության արդյունքների ամփոփման գործընթացի տեսանկարահանում և միաժամանակյա համացանցային հեռարձակում՝ ուղիղ ժամանակային ռեժիմում՝ հատուկ ստեղծված կայքի (կայքերի) միջոցով: Կառավարությունը մասնագիտացված կազմակերպության հետ կնքում է համապատասխան պայմանագիր, որով սահմանվում են նաև սույն մասով նախատեսված կարգով ընտրական տեղամասերից քվեարկության ընթացքի և քվեարկության արդյունքների ամփոփման գործընթացի տեսանկարահանման և միաժամանակյա համացանցային հեռարձակման կարգն ու պայմանները, ինչպես նաև տեղամասերի ցանկը։
Հեռարձակման ժամանակ տեսագրության վրա պետք է տեսանելի լինեն իրական ժամանակը և տեղամասային կենտրոնի համարը։
Տեսանկարահանումը պետք է իրականացվի անշարժ տեսախցիկների միջոցով: Տեսախցիկների տեսադաշտում պետք է լինեն քվեատուփը, ընտրողների գրանցման, քվեարկության ծրարների ու քվեաթերթիկների հատկացման և քվեարկության արդյունքների ամփոփման գործընթացները: Տեսանկարահանումը և համացանցային հեռարձակումը պետք է իրականացվեն սույն օրենսգրքով սահմանված՝ քվեարկության գաղտնիության սկզբունքի պահպանմամբ:
Սահմանված կարգով ընտրված մասնագիտացված կազմակերպության կողմից տեսանկարահանվում և հեռարձակվում են նաև ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների նիստերը և վերահաշվարկը։ Հեռարձակման ժամանակ տեսագրության վրա պետք է տեսանելի լինեն իրական ժամանակը և ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի համարը։
Տեղամասային կենտրոնի տարածքը տիրապետողը և ընտրական հանձնաժողովները պարտավոր են աջակցել մասնագիտացված կազմակերպությանը տեսանկարահանման և համացանցային հեռարձակման գործընթացը կազմակերպելու հարցում, սակայն պատասխանատվություն չեն կրում գործընթացի կազմակերպման և դրա որակի համար:
Մասնագիտացված կազմակերպության կողմից ընտրական տեղամասում և ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում իրականացված տեսանկարահանված նյութերը հասանելի են մնում մասնագիտացված կազմակերպության համապատասխան կայքում մինչև ընտրությունների արդյունքների պաշտոնական հրապարակումը։ Կազմակերպության հետ կնքված պայմանագրով կարող է նախատեսվել ավելի երկար ժամկետ: Տեսանկարահանված նյութերի պատճենները գրավոր դիմումի հիման վրա կարող են տրամադրվել ընտրական հանձնաժողովներին, ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դիտորդական առաքելություն իրականացրած կազմակերպություններին՝ ընտրական իրավունքի պաշտպանության վերաբերյալ գործերի շրջանակներում՝ պատճենահանման ինքնարժեքի վճարման պայմանով: Դիմումը պետք է ներառի այն ընտրական տեղամասի համարը, որի տեսանկարահանված նյութերից պահանջվում է պատճենը, և դիմումի հետ պետք է ներկայացվի մասնագիտացված կազմակերպության սահմանած պահանջները բավարարող էլեկտրոնային կրիչ։
Տեսանկարահանված նյութերն արխիվացնում է մասնագիտացված կազմակերպությունը և պահպանում ընտրական փաստաթղթերի պահպանման համար սահմանված կարգով:»։